Եթե Կարեն Ջանիբեկյանը Ֆրանսիայում ծնված լիներ, հիմա Ֆյունեսի, Ֆերնանդելի կողքին կլիներ. Արմեն Մարության
Եթե Կարեն Ջանիբեկյանը ծնված լիներ ո՛չ թե Հայաստանում, այլ՝ Ֆրանսիայում, հիմա Ֆերնանդելի, Ֆյունեսի կողքին կլիներ:
Այսօր Կարեն Ջանիբեկյան արտիստին վերջին հրաժեշտը տալու համար Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի եկած դերասան Արմեն Մարությանը այս խոսքերով բնութագրեց նրան:
«Ես սա ասում էի Արմեն Խոստիկյանի մասին, հիմա Կարենն էլ էդ տեսակ դերասանների շարքն է դասվում»,-ասաց Արմեն Մարությանը:
Ի պատասխան հարցի, թե ասում են, որ Կարեն Ջանիբեկյանը մի քիչ բարդ մարդ էր, դժվար էր «յոլա գնում» ռեժիսորների հետ, Արմեն Մարությանը նկատեց. «Լավ ռեժիսորի հետ բարդություն չուներ, վատի հետ ուներ: Ես չեմ հիշում, որ ինքը Վարդան Աճեմյանի հետ, որի հետ ես էլ աշխատել եմ, բարդություն ունենար: Ես հիշում եմ՝ Տիգրան Գասպարյանի հետ աշխատում էր, նրա հետ բարդություն չուներ, խաղում էր Մոլիերի կյանքը... Երեխայի պես հլու-հնազանդ կարող էր լինել, եթե իրեն խաբեին, շուտ խաբվող էր փոքր երեխայի պես ու փոքր երեխայի պես էլ նեղանում էր»։
Արմեն Մարությանը կարծում է, որ սա իսկական դերասանի համար բնական վիճակ է:
«Դերասանի համար լավ չի՞ գիժ լինելը, դերասանը պիտի մի քիչ գիժ լիներ: Դրա համար էլ ինքը տարբերվում էր, դրա համար էլ ինքը Կարեն Ջանիբեկյանն էր, մյուսը՝ Պողոս Պողոսյանը»,-ավելացրեց դերասանը:










