Սպիտակ-Երևան ճանապարհին զինվորական բեռնատար է շրջվել ձորը. կա 1 զոհ 7 վիրավոր (լրացված)

19:45 • 17.04.15

20։25

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ):


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արտյոմ Գերասի Թովմասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 


Ապրիլի 17-ին` ժամը 16:56-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը:


Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:


Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ):


Ուղևորներ Մ. Ք.-ը, Ն. Ա.-ը, Հ. Գ.-ը, Ա. Ս.-ը, Ա. Օ.-ը, Մ. Շ.-ը և Մ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ:


Ժամը 18.36-ին հրշեջ-փրկարարները բեռնատարից դուրս են բերել ուղևորներից մեկի դին:

 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Tert.am-ին տեղեկացրեց, որ բեռնատարը զինվորական է եղել։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: