Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Մոնտեվիդեոյում

23:46 • 25.05.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում մայիսի 30-ին Մոնտեվիդեոյի  Պրադո պատկերասրահում «Հայոց ցեղասպանության հարյուր տարին. Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում» խորագրով լուսանկարչական ցուցադրություն կբացվի:


Ինչպես տեղեկացնում է  lr21.com.uy կայքը` ցուցադրությունը կազմակերպվել  է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Ուրուգվայի Հայկական մշակույթի ասոցիացիայի ջանքերով:


Ցուցադրության միջոցով հնարավոր է «ճանապարհորդել» Ուրուգվայում հայերի ներկայության 100 տարով, ինչը հնարավոր է դառնում  լուսանկարների և պատմական փաստաթղթերի լայնածավալ ընտրանու շնորհիվ, որը սերնդեսերունդ անցնելով՝ պահպանվել է հայտնի ընտանիքներում: 


«Լուսանկարներն ու փաստաթղթերը, որ պահպանել են ուրուգվայաբնակ հայ ընտանիքները, ներառում են պատմության ամենատարբեր փուլերը` ցեղասպանության ժամանակ իրենց ծննդավայրերից մինչև ներկայիս բնակավայրը, ինչպես նաև՝ ճամփորդությունը դեպի Ամերիկա, որից հետո վերջնական կետը Ուրուգվայն է դարձել», - ասել է կազմակերպիչներից մեկը:


Լուսանկարչական սրահում բացված ցուցադրությունը տևելու է մինչև օգոստոսի 26-ը:

 

Ուրուգվայն ու հայերը պատմություն են կերտում. Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Մոնտեվիդեոյում