Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ

12:38 • 26.05.15

20-րդ դարի կինոլեգենդներից մեկը` եգիպտոսցի հայտնի դերասան Օմար Շարիֆը, ով ճանաչում է ձեռք բերել «Լոուրենս Արաբացին» և «Բժիշկ Ժիվագո» ֆիլմերի շնորհիվ, տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ:



Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս մասին ասել է դերասանի որդին` Թարեք ալ-Շարիֆը` իսպանական El Mundo պարբերականի հետ զրույցում: Ալ-Շարիֆը մանրամասնել է, որ հայրն այդ վիճակում է գտնվում արդեն 3 տարի:

 

«Հայրս տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Բժիշկները չեն կարողանում պարզել, թե զարգացման ո՞ր փուլում է գտնվում հիվանդությունը: Սակայն ակնհայտ է, որ նա երբեք չի բուժվի, իսկ նրա վիճակը գնալով ավելի է վատանում:



Սարսափելի հիվանդության պատճառով հայրս կորցրել է հիշողությունը: Նա չի հիշում, թե ինքն ով է, ինչ մեծ ճանաչում է ժամանակին վայելել, ինչու են մարդիկ փողոցում մոտենում իրեն ու ջերմ ողջունում: Երբեմն, սակայն, նա վերհիշում է իր աստղային դերերը, բայց չի կարողանում հիշել` երբ և որտեղ է նկարահանվել»,- հավելել է ալ-Շարիֆը:

 

Նրա խոսքով՝ Շարիֆը չի հիշում նաև այն փաստը, որ իր կինն արդեն մի քանի ամիս է՝ ողջ չէ, ու անընդհատ հարցնում է նրա ինքնազգացողության մասին:

 

Որդին նշել է, որ 82-ամյա դերասանը չի ցանկանում ընդունել հիվանդության փաստն ու կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

 

Օմար Շարիֆը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ