Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգի տոմսերի վերադարձը հետաձգվում է մինչև սեպտեմբեր, ինչը դժգոհություն է հարուցել

15:51 • 27.05.15

Ռուսաստանյան երգչուհի Իրինա Ալեգրովայի երևանյան համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերության ներկայացուցիչները մարտյան չկայացած համերգի տոմսերի արժեքի վերադարձը տեղափոխել են սեպտեմբեր:

Իրինա Ալեգրովայի համերգի մարտյան չկայացած և մայիսյան կայացած համերգի տոմս ունեցող ՀՀ քաղաքացի Գոհար Մագդաղյանին, չնայած խոստմանը, չգնացած համերգի տոմսերի արժեքը կազմակերպիչները ձգձգում են վերադարձնել:  Tert.am-ին զանգահարած Գոհար Մագդաղյանը մանրամասնեց. «Մարտի համերգին աղջիկս երեք՝ յուրաքանչյուրը 15 000-անոց տոմսեր էր գնել՝ Մոսկվայից եկած մորաքրոջը որպես ծննդյան օրվա նվեր: Համերգը հետաձգվեց, քույրս մեկնեց, տեղեկացրեցին, որ գումարը հետ կվերադարձվի տեղափոխված համերգի օրը որոշվելուց հետո: Ասացին, որ օրը որոշվելուց հետո նախապես կասեն»:  

Դրանից հետո, ըստ տիկին Գոհարի, հայտարարվել է, որ համերգը լինելու է մայիսի 23-ին, իրենք որոշել են գնալ, սակայն հետո հիշելով, որ այդ օրը որդու ծննդյան 30-ամյակն է, փոշմանել են: Զանգահարել են կազմակերպիչներին և ասել, որ ամսի 23-ին չեն կարող ներկա լինել համերգին, տոմսի գումարն են ցանկանում։ Նրանց ասել են, որ համերգի հաջորդ օրը՝ մայիսի 24-ին կտեղեկացնեն, թե որ տոմսարկղից կարող են գումարը ետ ստանալ:

Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովայի՝ մարտի 6-ի համերգը երգչուհու  հիվանդության պատճառով  հետաձգվեց։ Համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերության ներկայացուցիչները հանդես եկան պարզաբանմամբ և տեղեկացրից, որ երգչուհին Մարզահամերգային համալիրում ելույթ կունենա մայիսի 23-ին:

Սակայն, ըստ տիկին Գոհարի ամսի 24-ին արդեն տոմսարկղի հեռախոսահամարները չեն պատասխանել: Իսկ համառ ջանքերից հետո տոմսարկղից պատասխանել են, որ գումարը կվերադարձվի սեպտեմբերի 9-ին և զգուշացվել, որ ներկայանան ոչ միայն տոմսերով, այլև՝ ՀԴՄ կտրոններով:

«Ես ասացի, բայց դուք մեզ ՀԴՄ կտրոն տվե՞լ եք, որ ՀԴՄ եք ուզում»,-վրդովված նկատեց տիկին Գոհարը:

Համերգի կազմակերպիչ Forpostart Production ընկերությունից  Tert.am-ին պարզաբանեցին, որ միայն իրենց հետ աշխատող ապահովագրական ընկերության եզրակացությունից հետո կիրականացվի տոմսերի գումարների վերադարձը:

«Օբյեկտիվ և փորձագիտական գնահատական ունենալու համար մեզ անհրաժեշտ է , որ տոմսերը վերադարձնել ցանկացող քաղաքացիներն ուղարկեն տոմսերի բնօրինակը, անձնագրի պատճենն ու էլեկտրոնային հասցեն»,-տեղեկացնում են համերգի կազմակերպիչ ընկերությունից:

Ընկերությունից նաև հայտնում են, որ պահանջվելու են ՀԴՄ կտրոններ, իսկ վերադարձը կիրականացվի միայն սեպտեմբերի 9-ին` Ալեքս էվենտ ընկերության կողմից:

Լրացուցիչ հայտնվում է, որ վերադարձի ենթակա չեն այն տոմսերը, որոնք չեն գնվել երևանյան տոմսարկղերից, պետական հիմնարկների կողմից նվիրաբերվել են կամ եղել են հրավիրատոմսեր:

 

 

Իրինա Ալեգրովայի հետաձգված համերգի տոմսերի վերադարձը հետաձգվում է մինչև սեպտեմբեր, ինչը դժգոհություն է հարուցել