Վերին Արտաշատի Արվեստի դպրոցի սաները ներկայացրին «Անուշ» օպերան
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 5-ին հյուրընկալվել է մարզի Վերին Արտաշատ համայնքի Արվեստի դպրոցը, որի սաները ներկայացրել են Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Հինգ գործողությամբ, 1 ժամ 15 րոպե տևողությամբ օպերայի բեմադրիչը և սցենարիստն է դպրոցի ջութակի ուսուցչուհի Գոհար Թարվերդյանը, ով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ բեմականացման մեջ ընդգրկված են դպրոցի 11-18 տարեկան 23 սաներ, ովքեր իր օգնությամբ ամեն ինչ արել են «Անուշ» օպերան լավագույնս ներկայացնելու համար:
«Շատ հետաքրքիր աշխատանքային կոլեկտիվ ձևավորվեց, որը մեկ ու կես ամսում քրտնաջան, շատ մեծ ոգևորությամբ, նույնիսկ՝ մինչև կեսգիշեր աշխատում էր, որպեսզի այսօր կարողանա հանդիսատեսին ըստ պատշաճի ներկայանալ»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ սա իր առաջին փորձն է այս ասպարեզում, որը մեծ ջանասիրությամբ ու սիրով է ձեռնարկել:
Բեմադրությունը դիտելու են գնացել քաղաքային և մարզային կառույցների ներկայացուցիչները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, հանրակրթական և երաժշտական դպրոցների, մանկապարտեզների ուսուցչական կոլեկտիվները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների բնակիչներն ու մտավորականները:
Թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը մինչ ներկայացումը թատերական կոլեկտիվին առաջին բեմելի կապակցությամբ հաջողություն է մաղթել, իսկ հանդիսատեսին՝ հաճելի ունկնդրում:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել եկավ Արվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ով ասել է, որ շատ ուրախ է, որ իրենց դպրոցի սաները հանդես են գալիս այդ հինավուրց, պատմություն կերտած կամարների ներքո, որտեղ իրենց կենսագրությունն են կերտել բազում տաղանդավոր մարդիկ:
«Հպարտ եմ, որ դպրոցի երիտասարդ և խոստումնալից ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայել, և կարողացել են աշակերտների հետ մեկտեղ համարձակություն ունենալ արտաշատյան հանդիսատեսին ներկայացնելու այսքան լուրջ աշխատանք` այսքան անփորձ դերակատարների մասնակցությամբ»,– ասել է նա:
Վերին Արտաշատի արվեստի դպրոցն այսօր ունի ավելի քան 100 աշակերտ, ովքեր ուսանում են դաշնամուրի, ջութակի, քանոնի, շվիի, դուդուկի, վոկալի և դհոլի բաժիններում: Սաներին դասավանդում են 13 մանկավարժներ:










