Նոր նախագիծը կօգնի հայապահպանության կարևորագույն գործընթացին
Հայը, վերջապես, աշխարհի յուրաքանչյուր կետում ցանկացած պահի կվայելի իր մշակույթը, կզգա իր արմատները, մտովի տուն կդառնա՝ կլսի իր հայրենին, կտեսնի իր մոր ծաղկավոր գոգնոցը, մոր քաղցր ձայնը՝ օրորոցային երգելիս, կհիշի իր Սոնա յարին... ու այսպես կստեղծվի փոքրիկ Հայաստան իր ներսում՝ Հայաստանից դուրս:
Իսկապես, երիտասարդ և եկող սերունդները կարող են ասել, որ իսկական հայկական արժեքավոր մշակութային գործերին ծանոթ չեն, որովհետև մատչելի չէ. այլ բառերով ասած՝ համացանցում չկա կամ շատ քիչ կա:
Նրանք, անշուշտ, իրավացի կլինեն: Հենց այս նպատակով և հենց այս մեծագույն խնդիրը լուծելու ու բացը լրացնելու համար ստեղծվել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը, որի օժանդակությամբ իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը ներառում է կոմիտասյան չափանիշներով ընտրված ավելի քան 600 ժողովրդական, հոգևոր, աշուղական երգեր և երաժշտական նմուշներ:
Այս ամենն ամենապրոֆեսիոնալ մակարդակով վերաձայնագրվելու է, պահպանվելու է, թվայնացված տարբերակով տեղադրվելու է համացանցում և փոխանցվելու է սերնդեսերունդ: Ինչպես նաև հասանելի է լինելու համաշխարհային ողջ հանրությանը:
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շնորհիվ հայկական երգարվեստի և երաժշտական արվեստի գործերը կվերածնվեն և ամենամատչելի տարբերակով կներկայացվեն բոլորին: Ընթացքում է մի ազգանվեր լայնածավալ աշխատանք, որը մեծապես օգնելու է հայապահպանության կարևորագույն գործընթացին:










