Արամ Խաչատրյանի կամերային գործերը մեկտեղվել են երկու ձայնասկավառակում
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններն ամփոփվել են «Aram Khachaturian. Chamber works» («Արամ Խաչատրյան. կամերային ստեղծագործություններ») ձայնասկավառակների հավաքածուում:
Երկու սկավառակ ներառող հավաքածուն հանրության դատին է հանձնվել Խաչատրյանի ծննդյան տարեդարձի նախօրեին՝ կոմպոզիտորի տուն-թանգարանում անցկացված շնորհանդեսի ընթացքում: Ձայնասկավառակները թողարկվել են Ucom ընկերության «Recognize1915» նախագծի շրջանակներում:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընկերությանը՝ աջակցության համար:
«Այս գաղափարը երկար տարիներ մեզ հետ էր: Երկար տարիներ ցանկություն ունեինք ներկայացնել Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները: Արամ Խաչատրյանին հիմնականում ճանաչում են որպես խոշոր կտավների հանճարեղ կոմպոզիտոր, սակայն նրան շատ ավելի քիչ են ծանոթ են որպես կամերային ստեղծագործությունների հեղինակի: Իսկ դա բավականին մեծ ժառանգություն է, որը պակաս կարևոր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Արմինե Գրիգորյանը:
Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ընդգծել է, որ ընկերությունը երկրորդ տարին է՝ նախաձեռնել է «Recognize 1915» ծրագիրը:
«Այդ ծրագրի շրջանակում մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ: Շատ կարևոր է Արամ Խաչատրյանի կամերային գործերի կրկնասկավառակի շնորհանդեսը: Այս նախաձեռնությունը մենք հանձն առանք, երբ մեզ դիմեց Արամ Խաչատրյանի անվան տրիոն. միանգամից որոշեցինք աջակցել: Այստեղ հավաքված են այն գործերը, որոնք նախկինում կա՛մ ձայնագրված չեն եղել, կա՛մ քիչ հայտնի են երաժշտասեր հանրությանը: Բոլոր գործերը հիասքանչ են»,- շեշտել է նա:
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ ընկերությունը մշտապես հայկական մշակույթի կողքին է: Նա հավելել է, որ ձայնասկավառակները չեն վաճառվելու, և դրանք հնարավոր կլինի ներբեռնել նաև «Recognize 1915» ծրագրի կայքում: Այս պահին թողարկվել է ձայնասկավառակի 1500 օրինակ:
Ձայնասկավառակներում ներառված ստեղծագործությունները կատարել են դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանը և Սոնա Բարսեղյանը, ջութակահար Արմինե Գրիգորյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը: Ձայնագրություններն իրականացվել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Շնորհանդեսի ընթացքում հնչել են նաև գեղարվեստական համարներ:










