Երևանում ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ վարպետության դասեր կանցկացվեն

19:22 • 05.06.15

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 4-6-ը կանցկացվեն  վարպետության դասեր` ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

 

Վարպետության դասերն անցկացվում է «Յամադա» հիմնադրամի «Յամադա ֆաունդ-2015» դրամաշնորհային ծրագրի` «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով մրցույթի շրջանակում:

 

Մրցույթի կազմակերպիչներն են` Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ հայաստանյան կոմիտեն, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը:

 

Դասընթացին մասնակցում են մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած նկարազարդողները: Ավելի վաղ` մանկապատանեկան գրականության ոլորտում ստեղծագործողների շրջանում անցկացվել էր  «Պատանիները և շրջակա միջավայրը» խորագրով եռօրյա վարպետության դասեր, որի մասնակից գրողներն առաջիկայում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Դրանք կձևավորվեն Կլաաս Վերպլանկի վարպետության դասերի մասնակից նկարազարդողների կողմից և կհրատարակվեն առանձին գրքով:

 

Կլաաս Վերպլանկը նկարազարդում է գրքեր, ինչես նաև նրա աշխատանքները հրապարակվում են «Նյու Յորք Թայմս», «Դե Ստանդարտ»,   «Հյումո» և այլ հեղինակավոր ամսագրերում: Կլաաս Վերպլանկը հանդիսանում է ֆլամանդական նկարազարդողների ակումբի հիմնադիր անդամ: Նա արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, պատվոգրերի և մեդալների. այդ թվում՝ «Հանս Քրիստիան Անդերսեն» մեդալի, Բոլոնիայի Ռագազի հատուկ մրցանակի, ներկայացվել է Աստրիդ Լինդգրենի մրցանակաբաշխությանը, ընդգրկվել Մանկապատանեկան գրքի միջազգային խորհրդի /IBBY/ «Պատվո ցուցակում» :  



 

Երևանում ֆլամանդացի նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ վարպետության դասեր կանցկացվեն