Կաննում մեկնարկեց ՄԻԴԵՄ միջազգային երաժշտական փառատոնը
Ֆրանսիայի Կանն ծովափնյա քաղաքում այսօր մեկնարկեց ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնը: Չորս օր շարունակ` հունիսի 5-8-ը, Ֆրանսիայի հարավում գտնվող այս քաղաքը ողողված կլինի հայկական երաժշտությամբ: Հայաստանն այս տարի MIDEM հեղինակավոր միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում է պատվավոր երկրի կարգավիճակով:
Այդ կապակցությամբ այսօր Կաննի հանրահայտ Փառատոնների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոսեց փառատոնին Հայաստանի մասնակցության մասին և ներկայացրեց ծրագրի մանրամասները:
«Մեզ համար կարևոր էր լինել այս փառատոնի պատվավոր հյուրը 2015 թվականին: Կարծում եմ՝ դուք բոլորդ գիտեք, որ այս տարին խորհրդանշական է Հայաստանի համար: Մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշել մեր ողբերգությունը և պահանջել անցած դարի առաջին ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը: Մեզ համար սկզբունքային է ներկայանալ այստեղ և ընդհանրապես աշխարհին ոչ թե զոհի կերպարով, այլ ցեղասպանությունը վերապրած և վերածնված, ուժեղ, տաղանդավոր և ստեղծագործող հայի կերպարով»,- ասաց նախարարը:
«Մեր մասնակցության գաղափարն է՝ ցույց տալ հանդիսատեսին և մասնագետներին, թե ինչպիսի գանձեր ունենք Հայաստանում»,- իր հերթին նշեց ծրագիրն իրականացնող «Պրոարտ» ընկերության տնօրեն Ռուբեն Տոնիկյանը՝ ներկայացնելով նաև ծրագրի համար ընտրված հայեցակարգը:
Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես MIDEM-2015 փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական տարրերը՝ հողը, օդը, ջուրը և կրակը:
«Այս տարին մեզ համար հատուկ տարի է՝ Ցեղասպանության հարյուր տարին է: Մենք որոշակի խորհուրդներ հստակ ձևակերպեցինք այս տարվա համար: Դրանք չորսն էին: Առաջինը մեր հիշողությունն է, երկրորդը՝ երախտագիտությունն է նրանց, ովքեր մեզ սատարեցին այդ դժվար օրերին, երրորդը՝ միջազգային պայքարն է, որ մենք պետք է հասնենք նրան, որ ցեղասպանությունը պետք է ճանաչվի այն երկրի կողմից, որն իրականացրել է այդ գործողությունը, և վերջապես վերջինը վերածննդի գաղափարն է։ Կարծում եմ՝ մեր մասնակցությունը ՄԻԴԵՄ-ի այս հարթակում այս վերջին գաղափարախոսության ներքո է: Մենք ցուցադրում ենք մեր երաժշտական մշակույթը, որը պահպանվեց և վերստեղծվեց ցեղասպանությունից հետո: Այս մշակույթով ենք մենք քայլում դեպի ապագա»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
«Մենք ապրում ենք երկրում, որտեղ զգում ենք պետության աջակցությունը: Մենք ունենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ: Դա նշանակում է որ մենք ունենք երիտասարդ երաժիշտներ, և մեր պետությունն աջակցում է նրանց»,- ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
Քաղաքը, որն այս օրերին բազմաթիվ զբոսաշրջիկներ է ընդունում, զարդարված է հայկական գույներով, փողոցները «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ամենուր ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, Կաննի հայտնի Palais de Festival-ի ճակատային վահանակն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին:
Հայաստանը MIDEM փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ:
Այս չորս օրերի ընթացքում ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտաս, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:
Կաննի հանրահայտ «Կարլտոն» հյուրանոցում այսօր՝ հունիսի 5-ին կայանալիք ՄԻԴԵՄ-ի բացման երեկոյին հանդես կգան «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը, «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը:
Հունիսի 6-ին Կաննի Ավետարանական եկեղեցում հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային կատարմամբ:
Հունիսի 7-ին «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ:
ՄԻԴԵՄ-ն իր հարգանքի տուրքը կմատուցի նաև հայ մեծ երգահան ու մանկավարժ Կոմիտասին՝ ի հիշատակ նրա մահվան 80-ամյակին:
«Կարլտոն» հյուրանոցում կբացվի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ կներկայացվի Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած հնագույն հայկական մոտիվներով հագուստները:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:
ՄԻԴԵՄ-ն առաջատար միջազգային գործարար իրադարձություն է նվիրված երաժշտության էկոհամակարգին: Այն անցկացվում է 1966 թվականից Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ընկերությունները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ: Սա այն վայրն է, որտեղ երաժշտություն ստեղծողները, առաջատար տեխնոլոգիաները, բրենդները և տաղանդները հավաքվում են մարդկանց և երաժշտության միջև հարաբերությունները հարստացնելու, լսարանի ներգրավվածությունը վերափոխելու և նոր բիզնես կապեր ստեղծելու համար:

























