Կաննում Հայաստանի հյուրընկալությամբ կայացավ ՄԻԴԵՄ-ի բացման երեկոն (լուսանկարներ)
Կաննի «Կարլտոն» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ ՄԻԴԵՄ (MIDEM) փառատոնի բացման երեկոն, որի հիմնական հյուրընկալողը Հայաստանն էր: Ծովափում անցկացված այս միջոցառմամբ մեկնարկեց երաժշտական հեղինակավոր փառատոնի հիմնական միջոցառումները, որոնցով Կանն քաղաքը կապրի ևս երեք օր:
Միջոցառման համար փակվել է Կաննի հայտնի Կրուասետ պողոտան «Կարլտոն» հյուրանոցի առջև: «Կարլտոն» հյուրանոցի դիմաց ելույթ ունեցավ Լիոնի «Նաիրի» պարային խումբը: Համույթը կատարեց Ծափ պարը, ինչպես նաև Քոչարի և Բերդ պարերը:
«Նախևառաջ` մեզ համար մեծ պատիվ էր, որ մեզ տրվեց հենց բացումն անելու իրավունքը: Սա թերևս երաժշտական փառատոն է, բայց Կաննի կինոփառատոնի հետ նույն աստիճանի վրա է: Եվ մեզ համար մասնակցել, մանավանդ անել փառատոնի բացումը, շատ մեծ պատիվ է»,- ասաց Նաիրի խմբի գեղարվեստական ղեկավար Ֆելիքս Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ երիտասարդները, թերևս, հայտնի բեմերի վրա բազմաթիվ համերգների են մասնակցել, բայց այս անգամ չէին եկել պարզապես ներկայացում պարելու և գնալու:
«Որովհետև իրենք գիտեն ՄԻԴԵՄ-ն ինչ է, նրանք ծնվել և մեծացել են Ֆրանսիայում: Եվ երբ իրենք են բացումն անում, իրենց համար սա շատ մեծ ուրախություն է և ոգևորություն: Ես չգիտեմ թե ՄԻԴԵՄ փառատոնը Հայաստանում որքան են ճանաչում, բայց Ֆրանսիայում այն շատ մեծ շուքով է անցնում, և մարդիկ սպասում են ամեն տարի դրա մեկնարկին: Քանի որ մեզ շատ կարճ ժամանակ էր տրված մենք որոշեցինք ներկայացնել հայկական պարարվեստի կորիզը»,– ավելացրեց նա:
Ծովափին՝ հյուրանոցի դիմաց տեղադրվել է համերգի բեմ, որտեղ ողջ երեկոյի ընթացքում մինչև ուշ գիշեր կենդանի երաժշտություն կհնչի: Երեկոյի ընթացքում ծովափնյա բեմում, ինչպես նաև «Կարլտոն» հյուրանոցի գլխավոր սրահում հանդես կգան մի շարք հայ հայտնի երաժիշտներ՝ փոփ-ռոքից մինչև ջազ կատարումներով:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսի առաջ ելույթ կունենա «Կատուներ» ջազ խումբը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը, ինչպես նաև «Դորիանսը», «Ամբասադորը» և DJ BeatMan-ը:
Ամբողջ քաղաքում հայկական երաժշտություն է հնչում: Փառատոնի հյուրերը, որոնց թիվը մոտ 6000 է, ներկա են եղել բացման կոկտեյլին, որտեղ առիթ ունեցան շփվել ու տեսնել հայ տաղավարի կազմակերպիչների հետ, ծանոթանալ հայկական խոհանոցի հետ: Տարբեր երկրներից ժամանած ՄԻԴԵՄ փառատոնի հյուրերը ծովափին համտեսեցին հայկական կերակուրներ ու խմիչք՝ ունկնդրելով հայ երաժիշտների կատարմամբ ջազ, ռոք և էթնո երաժշտությամբ համերգը:
Այս չորս օրերի ընթացքում ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հոգևոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ և այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտաս, ինչպես նաև Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:
Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր:
MIDEM-ը երաժշտական ինդուստրիայի աշխարհի կարևորագույն փառատոներից է, որն անցկացվում է 1966 թվականից ի վեր, Ֆրանսիայի Կանն քաղաքում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաները, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ:
Երաժշտական համայնքի ամենամյա 49-րդ բիզնես հավաքը, որն առաջին անգամ է կայանում հունիս ամսին, գրավել է մոտ 200 միջազգային երաժիշտների աստղաբույլ, ովքեր 45 համերգ կունենան փառատոնի վեց պաշտոնական բեմերի վրա:




























