Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը լավագույնս ներկայացնում է հայկական մշակույթը. փոխնախարար

15:40 • 06.06.15

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ սկզբնական տարիներին մրցույթը քիչ մասնակիցներ ուներ:


«Ունեինք ներկայացուցիչներ տարբեր երկրներից, բայց մեծավմասամբ հայեր էին: Մենք կարողացանք այս տարիների ընթացքում ցույց տալ, որ կարող ենք մրցույթ անցկացնել: Այս տարի մեզ դիմել էր 60 ջութակահար, որոնցից 25-ը կմասնակցեն մրցույթին: Մասնակիցներից հինգը Հայաստանում ապրող ջութակահարներն են»,- ասաց Արմեն Սմբատյանը:


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ, խոսելով մրցույթի հաջողությունների մասին՝ հայտարարեց, որ ինչպես և «Ոսկե ծիրանը», այնպես էլ այս մրցույթը լավագույնս ներկայացնում է հայկական մշակույթը:


«Ամբողջ աշխարհում ճանաչում ունի այս մրցույթը: Այս տարի երկու կարևոր հանգամանք պետք է առանձնացնենք: Նախ՝ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ 2016 թվականին Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն, ինչպես նաև ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում»,- ասաց Արթուր Պողոսյանը:


Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը հովանավորը Ucom ընկերությունն է:


Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ մրցույթը հովանավորելն իրենց համար մեծ պատիվ է, քանի որ իրենք տեսնում են, թե ինչպիսի մեծ աշխարհագրություն է ընդգրկում մրցույթը:


«Շնորհավորում եմ կազմակերպիչներին իրականացրած աշխատանքների համար, վստահ եմ, որ նոր հաջողություններ կլինեն»,- ասաց Աշոտ Բարսեղյանը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը լավագույնս ներկայացնում է հայկական մշակույթը. փոխնախարար