ՌԴ պաշտպանության նախարարը Բեզռուկովին առաջարկել է համատեղ թատերական նախագիծ ստեղծել

13:24 • 06.06.15

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայի նահանգային թատրոնի ղեկավար Սերգեյ Բեզռուկովին առաջարկել է համատեղ նախագիծ ստեղծել։ Իր գաղափարը նա հայտնել է «Հանդիպումներ իրական մարդկանց հետ» շարքի բացման ընթացքում, գրում է Лента-ն։

 

«Կփորձենք ձեզ հետ միասին ինչ-որ բան անել մեր դրամատիկական թատրոններից մեկում։ Մենք շատ ունենք նման թատրոններ, կա վայր և թեմաներ խաղալու համար։ Դա հրավեր է»,- ասել է Շոյգուն։

 

Բանակի գեներալը շնորհակալություն է հայտնել դերասանին հանդիպումների շարքի բացման համար և նրան հանձնել հուշանվեր, որի վրա փորագրված է եղել՝ «Իսկական մարդ Սերգեյ Բեզռուկովին»։

 

Դերասանն իր հերթին հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ ինչ կերպ կիրականացվի տվյալ նախագիծը, միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն վստահված թատրոնի «լուրջ խաղացանկը» թույլ է տալիս սկսել համագործակցությունը։

 

«Պետք է տեսնել՝ ինչ բեմադրել, ում հետ բեմադրել։ Միգուցե, Մոսկվայի նահանգային թատրոնի ներկայացումով դուրս գալ Պաշտպանության նախարարության հարթակներ։ Դա լիովին հավանական է»,- ասել է Բեզռուկովը։

 

«Հանդիպումներ իրական մարդկանց հետ» շարքը ենթադրում է ամենամսյա ստեղծագործական երեկոներ, որոնց կմասնակցեն մշակույթի հայտնի գործիչներ։

 

ՌԴ պաշտպանության նախարարը Բեզռուկովին առաջարկել է համատեղ թատերական նախագիծ ստեղծել