Կաննում համերգով հանդես եկավ Հայաստանի պետական ջազ բենդը

21:43 • 07.06.15

Կաննի հայտնի «Կարլտոն» հյուրանոցի Մեծ սրահում այսօր՝ Ֆրանսիայի ժամանակով 17:30-ին, տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ բենդի համերգը, որի ընթացքում կատարվեցին ջազային մեղեդիներ փառատոնի մոտ 200 հյուրերի առաջ:


Համերգն սկսվեց Կոնստանտին Օրբեյլանի «Դիլիջան» կոչվող ստեղծագործությամբ: Ջազ բենդը համերգի ընթացքում կատարեց մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ՝ «Երազը», «Աման Թելոն», «Love for Sale»-ը և այլն:


Համերգի ընթացքում բեմ բարձրացավ նաև Լևոն Մալխասյանը, ով իր վարպետությամբ ավելի քան 10 րոպե հաճույք պատճառեց հանդիսատեսին: Հանդիսատեսը նաև վայելեց դուդուկի հնչյունները Նորայր Քարդաշյանի կատարմամբ:


Մոտ մեկ ժամ տևած համերգն ավարտվեց Վահագն Հայրապետյանի կատարմամբ «Լավ բան» ստեղծագործությամբ՝ հանդիսատեսի ծափահարությունների ներքո:


«Չնայած անթերի չէր, անթերի երբեք չի լինում, բայց կարծում եմ Այն պոզիտիվ տրամադրությունը, այդ անկեղծությունը, այդ պրոֆեսիոնալիզմը և երաժշտությունը, որը կհուզի մարդկանց սրտերը, կայացավ, իսկ դա մեր գերագույն նպատակն է»,– Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:


«Ուրախ եմ, որ առիթ ունենք Կաննում այս սքանչելի փառատոնի շրջանակներում ելույթ ունենալ, որը ես շատ կարևորում եմ, որովհետև նման ելույթները շատ կարևոր ստիմուլ են մանավանդ երիտասարդ երաժիշտների համար, որոնցից բաղկացած է մեր նվագախումբը և հուսամ այդ պարբերականությունը պահպանվի, որպեսզի կարողանանք էլ ավելի բարձրացնել ոչ միայն կատարողական վարպետությունը, այլև երաժիշտների տրամադրությունը, խանդավառությունը, դա շատ կարևոր է»,- ավելացրեց նա:


«Արդեն այն, որ հնարավորություն ունեցանք հանդես գալու երաժշտական ինդուստրիայի էպիկենտրոնում, համենայնդեպս եվրոպական ինդուստրիայի, երազանք է»,-  ասաց նա՝ ներկայացնելով փառատոնից իր տպավորությունները:

 

 

Կաննում համերգով հանդես եկավ Հայաստանի պետական ջազ բենդը