Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ Կաննի Debussy համերգասրահում
ՄԻԴԵՄ երաժշտական փառատոնի երրորդ օրը մոտենում է ավարտին: Կանն քաղաքի Debussy համերգադահլիճում Ֆրանսիայի ժամանակով 20:30 մեկնարկեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը Debussy համերգադահլիճում Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ:
Պետական երիտասարդական նվագախմբի համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հայաստանում Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով: Համերգին ներկա են նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Կաննից, ծրագրի առաջին հատվածում նվագախումբը կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունը, Արամ Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և օրկեստրի համար», մեկանատար Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Կրիշտոֆ Պենդերեցկու «Ադաջետո «Կորած դրախտը» օպերայից»:
Երկրորդ հատվածում նվագախումբը կկատարի Կլոդ Դեբյուսիի «Ծովը», Արամ Խաչատրյանի Սպարտակ բալետից հատվածներ:
«Այս համերգը լինելու է Հայաստանի մասնակցության փակման համերգը: Ինչպես տեսնում ենք, համերգադահլիճը լցված է, այնպես որ ես զգացում ունեմ, որ հանդիսատեսն անհամբեր սպասում է համերգի մեկնարկին և իհարկե սա հատուկ համերգ է և մեզ բոլորիս համար մեծ պատիվ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի համերգին:Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բարձրաստիճան պատվիրակության հետ միասին»,- համերգասրահի նախասրահում համերգից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պերրելինին Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով:
Համերգին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևալ այստեղ։














