Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի է ունեցել տոնական համերգ

16:03 • 07.06.15

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով է հանդես եկել Մոսկվայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարությամբ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
 

Համերգն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի և բացման խոսք է ասել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 

Նաթան Սրբազանը մասնավորապես ուրախությամբ նշել է, որ տոնի նախօրեին Մոսկվայի տաղանդավոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղոթքի և արվեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծա է նվիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:


Համերգի ընթացքում նշանավոր երչախումբը հայերեն և ռուսերեն լեզուներով կատարել է հոգևոր երգեր:


Համերգին ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ: