Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը նորից դարձել է «Վերնատուն» ու ամբողջությամբ փոխանցվել է Վիրահայոց թեմին

12:30 • 09.06.15



Ամենահայն հայոց բանաստեղծ   Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը, որը երեկ հանդիսավոր արարողությամբ  ամբողջությամբ փոխանցվել է Վիրահայոց թեմին, կոչվելու է «Մշակույթի և արվեստի թումանյանական Վերնատուն» և գործելու է որպես հայ-վրացական մշակութային և  ստեղծագործական կապերի զարգացման ու խորացման մշակութային օջախ:


Այս մասին Tert.am-ին հայտնած ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը  մանրամասնեց.« «Վերնատուն»   սրահն է վերականգնվել, և փաստորեն, ողջ բնակարանը դառնալու է մշակույթի կենտրոն: Արդեն էն գլխից նախատեսված էր, որ դա լինելու է Թումանյանի մշակույթի տուն»:


Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի բնակարանի   մի մասը  նախկինում պատկանում էր բանաստեղծի ծոռնուհուն և 150 քառակուսի մետր տարածքի մի մասը   2012 թվականին գնվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  մեկենասությամբ,  իսկ   2015 թվականին էլ բնակարանի մի մասն էլ ձեռք էր բերվել Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր  Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի   դիմումով` «Սուրբ Գևորգ» եկեղեցու հիմնադրամի կողմից:


Արարողությանը ներկա են եղել   Հայաստանի ու Վրաստանի գրողների միության նախագահները, Վրաստանի գրողների միության քարտուղար Մաղվալա Գոնաշվիլին, Վիրահայոց թեմին կից գործող  «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ:

Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանը նորից դարձել է «Վերնատուն» ու ամբողջությամբ փոխանցվել է Վիրահայոց թեմին