Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին

18:33 • 17.06.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին:

           
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ցավակցական հեռագրում ասված է. «Արցախը և ողջ հայ ժողովուրդը խորը ցավ ապրեցին՝ լսելով Քըրք Քըրքորյանի մահվան բոթը:


Քըրք Քըրքորյանը բացառիկ անձնավորություն էր: Նրա կյանքը լի էր դժվարություններով ու բարդություններով, որոնք նա հաղթահարել է իր աշխատասիրության, անկոտրում կամքի, լավատեսության շնորհիվ, հասել համաշխարհային ճանաչման՝ հպարտություն ներշնչելով մեր ողջ ժողովրդին:


Մեծ է Քըրք Քըրքորյանի ավանդը հայոց անկախ պետականության զարգացման ու զորացման, համահայկական խնդիրների լուծման գործում: Նրա անմիջական օժանդակությամբ Հայաստանում եւ Արցախում իրականացվել են բազմաթիվ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել հայրենիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա:


Քըրք Քըրքորյանի հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել հայ ժողովրդի կողմից, եւ նա իր պատվավոր տեղն է զբաղեցրել ազգային բարերարների շարքում:


Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Քըրք Քըրքորյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Հայ ժողովրդի արժանավոր զավակի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:



 

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի ընտանիքին