Սանկտ Պետերբուրգում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցադրություն կբացվի
Սանկտ Պետերբուրգում կբացվի միջազգային ցուցադրություն՝ «...ռուսական Հայաստան - հայկական Ռուսաստան» խորագրով։ Նախագիծը, որը կազմակերպել են Կրոնի պատմության պետական թանգարանը, Հայ առաքելական եկեղեցին և Պետերբուրգի տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային միությունը՝ Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսաստանին և Հայաստանին միավորում են բարեկամական վաղեմի կապերը։ Ռուս-հայկական կապերն իրենց արմատներով հասնում են մինչև 11-12-րդ դարեր։ Հարյուրամյակների ընթացքում տարբեր էթնիկ և լեզվական խմբերի պատկանող ժողովուրդները, որոնք, սակայն, միավորված են ընդհանուր մշակույթով և կրոնական ավանդույթներով, սերտ կապեր են ունեցել, ապրել են հաշտ ու խաղաղ։ Տվյալ նախագիծը կոչված է առավելագույնը ներկայացնելու այդ պատմական ընդհանրությունը, ցուցադրելու հպման կետերի զանազանությունը և երկու պետությունների միջև փոխգործակցության ոլորտները»,- ասվում է հաղորդագրությունում։
Ցուցադրության հիմքում կլինեն լուսանկարներ, որոնք ընտրվել են Կրոնի պատմության թանգարանում կայացած մրցույթի արդյունքների հիման վրա։
Մրցութային աշխատանքներն ուղարկվել են Ռուսաստանի և Հայաստանի տարբեր անկյուններից։ Մասնակիցների թվում կան ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական լուսանկարիչներ։
Մրցույթի աշխատանքները ներկայացվել են 3 հիմնական անվանակարգերում՝ «Ճանապարհ դեպի վանք», «Առօրյա և տոներ», «Ձգողականության կետեր», և մեկ լրացուցիչ անվանակարգում՝ «Հայաստանը՝ ռուս ճանապարհորդների աչքերով»։










