Թեհրանը չի բացառում հուլիսի 1-ից հետո «վեցյակի» հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը

11:49 • 21.06.15

Իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

 

Նրա խոսքերով, Թեհրանը չի պնդում, որ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիան) հետ համաձայնագրի ստորագրման հարցում շեշտը դրվի ժամանակի վրա: Ընդ որում, նա նշել է, որ լիովին հնարավոր է՝ բանակցությունները շարունակվեն նաև հուլիսի 1-ից հետո:

 

«Մենք կարծում ենք, որ պետք է կնքվի լավ համաձայնագիր, իսկ դա նշանակում է, որ չպետք է մեզ զգանք ժամկետների մեջ սեղմված վիճակում»,- ասել է նա:

 

«Մենք ցանկանում ենք շարունակել ներկայիս բանակցություններն այնքան ժամանակ, մինչև չկնքվի համաձայնագիր: Դա, իմ համոզմամբ, ավելի լավ է, քան բանակցություններն ավելի ուշ ժամկետներ տեղափոխելը»,- հավելել է Զարիֆը:

 

Ընդ որում, նա կրկին անգամ շեշտել է, որ Իրանը չի ընդունի խիստ ծայրահեղ պահանջներ «վեցյակից»:

 

Ապրիլին Իրանը և «վեցյակը» Լոզանում կնքեցին շրջանակային համաձայնագիր: Մասնավորապես, նրանք պայմանավորվեցին, որ 10 տարվա ընթացքում ուրանի հարստացման իրանյան հզորությունների երկու երրորդը պետք է դադարեցվեն: Բացի այդ, Իրանը պարտավորվում է 25 տարով ուրանի հարստացման բոլոր ծրագրերը տրամադրել միջազգային հսկողության:

 

Իրանական միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր համաձայնագիրը պլանավորվում է ստորագրել մինչև հունիսի 30-ը:

 

 

Թեհրանը չի բացառում հուլիսի 1-ից հետո «վեցյակի» հետ բանակցությունները շարունակելու հնարավորությունը