«Քսանի լուսաբացը». Մոնտեվիդեոյում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը

20:42 • 22.06.15

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման  միջոցառումների շրջանակներում հունիսի 21-ին Մոնտեվիդեոյում ցուցադրվել է «Քսանի լուսաբացը» փաստագրական ֆիլմը, որի սյուժեի հիմքում ընկած է 1915-ին Ստամբուլում «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության  20 անդամի սպանությունը:


Ինչպես գրում է El Diario-ն` մոտ մեկ ժամ տևողությամբ ժապավենը անդրադառնում է Հնչակյան կուսակցության առաջնորդների սպանությանը, ովքեր ծրագիր էին մշակում` 1915-1923 թթ. տեղի ունեցած հայոց կոտորածները կանխելու համար: Նրանց ձերբակալել են, տանջել և դատապարտել մահվան: Հնչակյաններին կախաղան են բարձրացրել Ստամբուլի «Սուլթան Բայազետ» հրապարակում 1915-ի հունիսի 15-ին:


«Ուրուգվայն առաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը, և մի շարք հիշատակման միջոցառումներ ենք իրականացրել, հատկապես` այս տարի», - ֆիլմի ցուցադրությունից հետո նշել է Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան: Քաղաքապետը ընդգծել է նաև, որ Ուրուգվայը «բավականին սերտ կապեր ունի հայ համայնքի հետ»:


Ուրուգվայի կառավարությունը վերջերս  խորհրդարանի գնահատմանը օրինագիծ է ներկայացրել զբոսաշրջության ոլորտում  Հայաստանի հետ   համագործակցություն սկսելու մասին:


«Քսանի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը, որ տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սոլիս» թատրոնում, ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Հակոբ Քելենջյանը, Հնչակյան կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ուրուգվայում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչներ:

 

 


 

«Քսանի լուսաբացը». Մոնտեվիդեոյում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմը