Տիգրան Համասյանն այսօր համերգով հանդես կգա Վանի Աղթամար կղզում
Հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի ուղեկցությամբ Վանի Աղթամար կղզում համերգ է տալու, տեղեկացնում է թուրքական Beyaz Gazete պարբերականը։
1987 թվականին Հայաստանում ծնված և 3 տարեկանից դաշնամուր նվագած, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Համասյանի անվճար համերգն Աղթամարում տեղի կունենա այսօր՝ հունիսի 23-ին։
Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Չեխիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի 100 եկեղեցիներում «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգի շրջանակներում Տիգրան Համասյանը հայ ազգային երաժշտության նմուշներ է ներկայացնելու։
Նշենք, որ Տիգրան Համասյանը համերգ է տվել նաև Անիի պատմական ավերակներում: Նշվում է, որ Համասյանի 90 րոպեանոց ելույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների շրջանում: Անիում նա ելույթ է ունեցել Հայաստանից 25 երաժիշտների հետ: Համերգի ժամանակ նաև վավերագրական ֆիլմ է նկարահանվել:










