Մրցանակներ են հանձնվել The Bobs - Best of Online Activism մրցույթի հաղթողներին

11:25 • 24.06.15

Բոննում Global Media Forum համաժողովի շրջանակում, որն անցկացնում է Deutsche Welle մեդիաընկերությունը, հունիսի 23-ին մրցանակներ են հանձնվել The Bobs - Best of Online Activism միջազգային մրցույթի հաղթողներին։

 

Առցանց քվեարկությանը մասնակցել է մոտ 30.000 մարդ, ովքեր կարողացել են իրենց ձայնը տալ ներկայացված 14 ազգային անվանակարգերից յուրաքանչյուր նախագծի։ Բացի այդ, ժյուրին որոշել է հաղթողներին 3 միջազգային անվանակարգերում։ «Հանուն խոսքի ազատության» անվանակարգի հաղթողի անունը նշել է մրցույթի հիմնադիր Deutsche Welle ընկերությունը։

 

«Ձեր ընտրությունը. Լավագույն նախագիծը ռուսաց լեզվով» անվանակարգում հաղթել է «Լիզա Ալերթ» ռեսուրսը, որը կորած երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ որոնող կամավոր ջոկատի կայք է։

 

«Հանուն խոսքի ազատության» մրցանակի է արժանացել Սաուդյան Արաբիայից բլոգեր Ռաիֆ Բադավին, ով մինչ այժմ գտնվում է բանտում։ Իսլամը վիրավորելու համար նա դատապարտվել է մտրակի 1000 հարվածի և 10 տարվա ազատազրկման։