Բրիտանիայում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի` նախկինում անհայտ կտավը

20:13 • 24.06.15

Մեծ Բրիտանիայում գտնվել է Կլոդ Մոնեի` նախկինում անհայտ կտավներից մեկը: Ինչպես գրում է Euromag-ը` ֆրանսիացի իմպրեսիոնիստի անհայտ աշխատանքը հայտնաբերել է Ռիչարդ Գրինի լոնդոնյան պատկերասրահի տնօրեն Ջոնաթան Գրինը:

2014-ին վերջինս փարիզյան աճուրդում ձեռք էր բերել Մոնեի երկու հազվագյուտ պաստելային աշխատանք, իսկ ավելի ուշ հայտնաբերել էր, որ դրանցից մեկին ևս մեկ պաստելային կտավ է ամրացված: Թաքցված կտավում պատկերված են ծովապատնեշ և փարոս` Նորմանդիայում, այն վայրում, որտեղ մեծացել է գեղանկարիչը:

Այդ երեք կտավը 1924-ին գեղանկարիչը հարսանիքի կապակցությամբ նվիրել էր իր գեղարվեստական ներկայացուցչի թոռնուհուն` Աննա Մարիա Դյուրան-Ռուելին:  Կտավները պահվում էին ընտանիքում, և առաջին անգամ աճուրդի էին հանվել Փարիզում: Փորձագետները ենթադրում են, որ բոլոր երեք գործերը Մոնեն նկարել է 1868-ին:

Դրանք հանրությանը կներկայացվեն Լոնդոնում հունիսի 25-ին անցկացվելիք Masterpiece 2015  («Գլուխգործոցների ցուցահանդես 2015») տոնավաճառում:

 

 

Բրիտանիայում հայտնաբերվել է Կլոդ Մոնեի` նախկինում անհայտ կտավը