Տիգրան Համասյանի՝ Անիում կայացած համերգը զայրացրել է թուրք ազգայնականներին

14:19 • 25.06.15

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 13 երկրների 100 եկեղեցիներում համերգային շրջագայության շրջանակում կիրակի օրը համերգով էր հանդես եկել Անիի ավերակներում։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Կարս նահանգում կայացած Համասյանի համերգը զայրացրել է թուրք ազգայնականներին։

 

«Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Կարսի քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան ասել է, որ Անիում կայացած համերգն «իր ներսն այրել է» ու համերգին մեծ ուշադրություն դարձրած լրագրողներին մեղադրել է հայերի հետ միասին լինելու համար։

 

«Չգիտեմ՝ որտեղից սկսեմ։ Մրցանակակիր հայ դաշնակահար Տիգրան Համասյանն Անիի ավերակներում համերգ է տվել։ Համերգ է տվել, բայց իմ սիրտն այրվում է, այն էլ ոչ թե մի, այլ մի քանի տեղից։ Ինչ-որ մեկը մեր Կարսի բերդում հայկական դրոշ է պարզել, համերգ է տալիս, սակայն դա ի՞նչ արվեստ է։ Ինչո՞ւ են հոգևորականների հագուստով։ Այդտեղ թաքնված իմաստը մեզ էլ կբացատրե՞ք»,-ասել է թուրք ազգայնականը։

 

Ի դեպ, Համասյանը նաև ելույթ է ունեցել Վանի Աղթամար կղզում, իսկ այսօր կայանալու է նրա համերգը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Հունիսի 27-ին Համասյանը կնվագի Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա՝ Ստամբուլում։

Տիգրան Համասյանի՝ Անիում կայացած համերգը զայրացրել է թուրք ազգայնականներին