Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնում

09:21 • 26.06.15

Հանրահայտ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնի օնկոլոգիական կենտրոններից մեկում, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով արտիստի ընտանիքին մոտ աղբյուրին։

 

«Դմիտրին բուժման կուրս կանցնի Լոնդոնի «Ռոյալ Մարսդեն» կլինիկայում»,- նշել է աղբյուրը։


Նախօրեին հայտնի էր դարձել, որ հայտնի բարիտոնի մոտ գլխուղեղի ուռուցք է ախտորոշվել։

 

«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Դմիտրին չեղարկել է տվյալ պահից մինչև օգոստոս նշանակված բոլոր ելույթները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Թեև ներկայում նրա ձայնի հետ ամեն ինչ նորմալ է, այնուհանդերձ՝ հասկանալի պատճառներով նա այժմ տրամադրություն չունի»,-գրված է երգչի ֆեյսբուքյան էջում։

 

Աղբյուրը նշել է, որ բժիշկները ոչինչ հստակ ասել չեն կարող, քանի դեռ չեն անցկացվել մանրակրկիտ հետազոտություններ։ Նրա խոսքով՝ Խվորոստովսկին այժմ Լոնդոնում է, որտեղ նրա հետ է նաև իր ընտանիքը։ «Դմիտրին Լոնդոնում է, նրա հետ են կինը՝ Ֆլորանսը, որդին և դուստրը»,- հայտնել է աղբյուրը։

 

Երգչի խոսնակ Ելենա Նեդոսեկինան հայտնել է, որ Խվորոստովսկու անհրաժեշտ բուժումը կազմակերպված է, նա ֆինանսական օգնության կարիք չունի։

 

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին բուժման կուրս կանցնի Լոնդոնում