Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Գոյության զարմանքը» խորագրով ցուցահանդեսը
2013 թ. հունիսի 12-ից 16-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը մասնակցեց «Հայաստան-Էստոնիա մշակութային առաքելություն» նախաձեռնությանը և Էստոնիայի Նկարիչների միությունում ներկայացրեց նկարիչ-արվեստագետներ Արման Վահանյանին, Տիգրան Սահակյանին, Աշոտ Գրիգորյանին և Տիգրան Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
2014 թ. մարտի 15-ից ապրիլի 15-ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ինչպես նաև «Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին մեկնեցին հայ նկարիչներ՝ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը: Այցի շրջանակում նկարիչներն աշխատեցին Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի գեղարվեստական տպագրության մասնագիտացված արվեստանոցներում. Տիգրան Սահակյանը և Արման Վահանյանը ստեղծագործեցին օֆսեթ վիմատպության հատուկ արվեստանոցում, իսկ Տիգրան Կիրակոսյանը՝ Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի արվեստանոցում:
2014 թ. ապրիլի 10-ին Էստոնիայի Ազգային գրադարանում բացվեց հայ նկարիչների «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագիրը կրող ցուցահանդեսը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Էստոնիայի Կառավարության մշակույթի հիմնադրամի և Մշակույթի նախարարության, Հայաստանում Էստոնիայի դեսպանության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ` 2015 թ. հունիսի 26-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում /հասցե` Աբովյան 16/ տեղի կունենա էստոնական ժամանակակից գեղարվեստական տպագրության «Գոյության զարմանքը» խորագիրը կրող լայնածավալ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
«Գոյության զարմանքը» ցուցահանդեսի շրջանակում արվեստասերները հնարավորություն կունենան ծանոթանալ էստոնական ժամանակակից գեղարվեստական տպագրության ոլորտը ներկայացնող 34 արվեստագետների 125 աշխատանքների, ինչպես նաև Էստոնական ժամանակակից գրքարվեստի ոլորտում 2014 թ. լավագույնը ճանաչված 32 նմուշների:
Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գոյության զարմանքը» լայնածավալ և էստոնացի արվեստի քննադատ Վապպու Թհուրլովի հեղինակած արվեստաբանական հոդվածն ընդգրկող համանուն եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը:
Հունիսի 27-ին, ժամը 13:00-ին, «Գոյության զարմանքը» ցուցահանդեսի շրջանակում, Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա գեղարվեստական տպագրության էստոնացի վարպետ Տարրվի Լաամանի վարպետության դասը:










