Ռուսաստանյան հեռուստաալիքները կնշեն Ֆրունզիկի հոբելյանը
Հուլիսի 4-ին լրանում է թատրոնի ու կինոյի սիրված դերասան Ֆրունզե Մկրտչյանի ծննդյան 85-ամյակը, գրում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն և հայտնում, որ ռուսաստանյան ԶԼՄ-ները նշելու են այդ հոբելյանը:
Մասնավորապես հայտնի է, որ России К հեռուստաալիքը այդ օրը ցուցադրելու է «Մեր մանկության տանգո» մելոդրամը, ինչպես նաև` «Ֆրունզե Մկրտչյան. վերջին ծաղրածուի տխուր պատմությունը» վերնագրով վավերագրական ֆիլմը:
Ֆիլմում Մկրտչյանի ողբերգական ճակատագրի մասին են հիշում գործընկերները և ընկերները, հարազատները, այդ թվում` Ալլա Սուրիկովան, Գեորգի Դանելիան, Ալբերտ Մկրտչյանը:
Աղբյուրը նշում է, որ Մհեր Մկրտչյանին մոտիկից ճանաչած մարդիկ վստահ են, որ նրա տաղանդի ողջ ուժը հասկանալու համար հարկավոր է նրան տեսած լինել թատրոնում: Այս առիթով մեջբերվում է Սոս Սարգսյանը, ով հիշում է, թե ինչպես է Մկրտչյանը փոթորկի պես ներխուժել թատրոն, միանգամից մեծ դերեր ստացել և սիրվել:










