Ես սիրում եմ Քեթրինին բոլորից առավել. Մայքլ Դուգլասը՝ իր կյանքի և կնոջ հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը հարցազրույց է տվել Event բրիտանական ամսագրին, որի ժամանակ պատմել է իր կյանքի, մասնավորապես կնոջ՝ Քեթրին Զետա- Ջոնսի հետ համատեղ կյանքի մասին, գրում է dailymail.co.uk-ը։
2010 թվականին նրա մոտ ախտորոշվել էր կոկորդի քաղցկեղ, ինչը պայմանավորված է եղել մարդու պապիլոմավիրուսով, որով նա հավանաբար վարակվել է կնոջից։ Ավարտելով յոթ շաբաթ տևած քիմիական և ճառագայթային բուժումը՝ Դուգլասն ասել է. «Երջանիկ եմ, որ ողջ մնացի»։
68-ամյա դերասանը, փորձելով բարձրացնել վիրուսի մասին իրազեկվածությունը, մեծ հանգանակություն է արել Պապիլոմավիրուսի ամերիկյան հիմնադրամին, ինչպես նաև բարձրաձայնել է իր հետ կատարվածի մասին։
Նա պատմել է, որ այսօր տարածված է պապիլոմային վիրուսի 100 տեսակ, դրանցից 20-30-ը կանանց մոտ կարող են նաև արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնել։ Նա թերթին ասել է, որ մասնագետը նաև սեռավարակի տարածվածությունը կապում է սեռական կրթության պակասի, անկանոն սեռական կապերի տարածման, առանց պահպանակի սեռական հարաբերություններ ունենալու հետ։
«Ես շատ եմ ցավում, որ կնոջս երբևէ մեղադրել եմ իմ հետ կատարվածի համար։ Ես և կինս ամեն ինչ կարողացանք հարթել, և այժմ ամեն ինչ իր տեղում է։ Ես սիրում եմ Քեթրինին բոլորից առավել»,- ասել է դերասանը։
Նրա և կնոջ հարաբերությունների կարգավորմանը նպաստել են նրանց երկու երեխաները՝ 14-ամյա Դիլանը և 12-ամյա Քերիսը։
Դուգլասն անհանգստություն է հայտնել, որ իր որդին հասարակության ուշադրությունից և իր քաղցկեղի ծագման շուրջ ասեկոսեներից հնարավոր է՝ ընկճվել է, ինչը հեռավորություն է առաջացրել հոր և իր միջև։
Նրա ավագ որդին՝ 36-ամյա Քեմերոն Դուգլասը, ժամանակին բանտում է հայտնվել կոկաին և մետամֆիտամին տեսակի թմրանյութերի վաճառքով զբաղվելու համար, ինչի մասին խոսելիս Դուգլասն ասել է. «Դա կարծես մղձավանջ լիներ բոլորիս համար»։
Դերասանը նաև խոսել է իր հայտնի հոր՝ Քըրք Դուգլասի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ չնայած նախկինում լարված հարաբերություններին՝ այժմ հայրը հպարտանում է իրենով։



![‘In Fatal Attraction I have this affair with Glenn Close [right] and then I get back to my apartment and I rumple all the sheets up to make it look like I slept in my bed and the audiences laughed. The producer Sherry Lansing said, “My God, I can’t believe it, they’ve forgiven you already”'](http://i.dailymail.co.uk/i/pix/2015/06/27/23/29F8C72500000578-3139117-_In_Fatal_Attraction_I_have_this_affair_with_Glenn_Close_right_a-a-3_1435443177185.jpg)





















