Երիտասարդությունը շատ մաքուր ու ազնիվ սկսեց իր պայքարը և կարծում եմ, մաքուր ու ազնիվ էլ կավարտի. Դավիթ Գասպարյան

20:08 • 01.07.15

Գրականագետ Դավիթ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով Բաղրամյան պողոտայի 9 օր փակ մնալուն, նկատեց, թե ինքը ընդհանուր առմամբ փողոց փակ պահելուն դեմ է, չնայած չի էլ ցանկանում ինքնագլուխ միջամտություններ անել:


Նա հավելեց, թե ընդհանուր առմամբ ոստիկանությունն էլ, բացի հունիսի 23-ի առավոտյան միջադեպից, ճիշտ մարտավարություն ընտրեց՝ չխոչընդոտելով բողոքի ցույցը:


«Նաև ղեկավարությունը նույնպես այսպես ասած բարեկիրթ գտնվեց, բայց փողոցը փակելը այսքան ժամանակ չգիտեմ ինչքանով է ճիշտ: Չի կարելի կաթվածահար անել քաղաքը: Առաջ գործարաններ էին փակում, հիմա փողոց, պետք չէ, կարող են իրենց դժգոհությունը հատնել նաև Ազատության հրապարակում»,- ասաց նա:


Դավիթ Գասպարյանը շեշտեց, թե պայքարը միանշանակ արդյունք տվեց, որին պետք է հետևողական լինեն: «Այդ երիտասարդությունը շատ մաքուր ու ազնիվ սկսեց իր պայքարը և կարծում եմ մաքուր ու ազնիվ էլ կավարտի: Պետք է երիտասարդությանն ընդառաջ գնալ, լուրերն արդեն գրում են, որ Բիբինին բիբինեցին, այսինքն՝ գործից հանեցին. լուրերով եմ լսել: Այս ամենը մեծ արդյունք է, բայց պետք է հետևողական լինել, հասնել վերջնական կասեցման այդ պրոցեսը,  և իրենք լավ բառ են օգտագործում, չեղարկել: Էս խեղճ ու թշվառ ժողովրդին պետք չէ այդքան նեղել»,-ասաց նա:

Երիտասարդությունը շատ մաքուր ու ազնիվ սկսեց իր պայքարը և կարծում եմ, մաքուր ու ազնիվ էլ կավարտի. Դավիթ Գասպարյան