Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը համերգային ծրագրով հանդես կգա Իսպանիայում
Ջութակահար Արա Մալիքյանը Իսպանիայում ամառային համերգային ծրագիրն սկսում է Խետաֆեի Plaza de Toros արենայում հուլիսի 10-ին կայանալիք համերգով:
Ինչպես տեղեկացնում է Europa Press-ը` այս համերգը կանցկացվի «Անհանգիստ մշակույթ»-ի փառատոնի շրջանակներում: Այս փառատոնը հիմնականում անցկացվում է Խետաֆեում, սակայն ներկա գտնվելու համար մարդիկ ժամանում են տարբեր վայրերից: Այս անգամ նրանք բաց չեն թողնի Արա Մալիքյանի` առանց սահմանների երաժշտի կատարումները:
«Առաջին անգամ եմ գտնվելու ցլամարտի արենայում, - նշում է փոփի և ռոքի հետ համադրվող իր կատարումներով հայտնի ջութակահարը, - համոզված եմ, որ համերգի ժամանակ հիանալիորեն հնարավոր է համատեղել Յոհան Սեբաստիան Բախին և Led Zeppelin-ին: Նրանք հավասար հանճարներ են, ուղղակի նրանց 300 տարի է բաժանում»:
Բացի փառատոնային համերգաշարից, լիբանանահայ երաժիշտն աշխատում է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված նախագծի վրա: «Իսպանիայում փոքր-ինչ բարդ է, սակայն ինձ համար սա շատ կարևոր է: Դժվարությունների եմ հանդիպում թատրոնների հետ աշխատելիս, քանի որ այս հարցը հաճախ քաղաքականացվում է: Սակայն դա պատմական փաստ է, և այս նախագիծը ցանկանում եմ իրականացնել ի հիշատակ նախապապերիս այն միլիոնուկես հայի, որ զոհվել են», - ընդգծել է Արա Մալիքյանը:










