«Կրեմլի բանկիրը» դատի կտա Ռուսաստանին` 15 մլրդ դոլարի պահանջով
Սերգեյ Պուգաչովը, որը անցյալում հայտնի էր իբրև «Կրեմլի բանկիր» դատի է տալիս Ռուսաստանի Դաշնությանը:
Business Insider-ի փոխանցմամբ` արտասահմանում գտնվող նախկին սենատոր Պուգաչովը ռուսաստանյան ԶԼՄ-ներին ասել է, որ Ռուսաստանին դատի է տալիս 15 մլրդ ԱՄՆ դոլարի պահանջով:
Նախկին պետպաշտոնյան այդ կերպ պետությունից կպահանջի իր ունեցվածքը, որը յուրացրել է ՌԴ-ն:
Պուգաչովն ասել է, որ այժմ հայցի ներկայացման գործընթացներում է: Նա հայտնել է, որ անցած տարի նամակով Պուտինին տեղյակ է պահել իր որոշման մասին: Ի դեպ, Պուգաչովը պնդում է, որ ժամանակին հենց ինքն է առաջարկել լրտես Պուտինի թեկնածությունը Ելցինին, ոչ Բերեզովսկին, ինչպես ընդունված է կարծել:
Աղբյուրը նշում է, որ Պուգաչովը խոշոր խաղորդ է եղել Ռուսաստանի իշխանական դաշտում Պուտինի նախագահության առաջին 2 շրջաններում:
«Մեժպրոմբանկի» հիմնադիր Պուգաչովը նախկինում օգնում էր ընտրվել ռուսաստանցի քաղաքական գործիչներին և «գրեթե ամեն օր» զրույցներ ունենում Պուտինի հետ: Սակայն 2010-ին նրան մեղադրել էին 2 մլրդ դոլարի խարդախության համար, և Պուգաչովը ստիպված էր եղել Լոնդոն տեղափոխվել:










