Խվորոստովսկին համերգ է տվել Լոնդոնում ՌԴ դեսպանատանը
Լուսանկարը՝ РИА Новости
Ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ով արդեն երկար տարիներ ապրում է Մեծ Բրիտանիայում, կիրակի երեկոյան առաջին անգամ համերգ է ունեցել Լոնդոնում ՌԴ դեսպանի նստավայրում, գրում է РИА Новости-ն։
«Այսօր մեզ համար յուրահատուկ օր է։ Դմիտրիին հատուկ ներկայացնելու կարիք չունի, նա այնքան հայտնի է, որ նրա համերգից հետո նստավայրը հայտնի կդառնա»,- ասել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։
Վերջերս երգիչը հայտարարել էր մինչև օգոստոսի վերջ բոլոր ելույթների հետաձգման մասին՝ գլխուղեղի քաղցկեղի ախտորոշման պատճառով։
«Ես չեմ ցանկանում պատմել ձեզ իմ բուժման մանրամասների և դժվարությունների մասին, որոնց միջով ես անցնում եմ ու անցնելու եմ։ Սակայն ես ցանկանում էի հավաքել ձեզ բոլորիդ այստեղ, քանի որ շատ եմ կարոտել ձեզ։ Եվ գլխավոր պատճառն այն է, որ ես Լոնդոնում եմ ապրում արդեն 20 տարուց ավելի և երբեք չեմ եղել դեսպանատանը, իսկ դա անհեթեթ է։ Այդ պատճառով էլ ես որոշել եմ ելույթ ունենալ այստեղ և շատ ուրախ եմ , որ դուք բոլորդ եկել եք։ Շնորհակալություն»,- ասել է Խվորոստովսկին։










