Սոչիում « Նոր ալիքը» օգոստոսից տեղափոխել են հոկտեմբեր
Լատվիայի Յուրմալա քաղաքից Սոչի տեղափոխված «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման ժամկետները օգոստոսից տեղափոխել են հոկտեմբեր: Այդ մասին այսօր հայտնել է Սոչիի քաղաքապետը, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ կազմակերպչական կոմիտեն երիտասարդ կատարողների մրցույթը պատրաստվում էր անցկացնել օգոստոսի 25-ից մինչև 30-ը:
«Այս պահին հայտնի է դարձել, որ «Նոր ալիք 2015»-ը կկայանա հոկտեմբերի 2-ից մինչև 11-ը»,- ասված է հաղորդագրությունում: Փառատոնի անցկացման ժամկետների տեղափոխման պատճառները չեն նշվում:
«Նոր ալիք» մրցույթի եզրափակչին կմասնակցի 12 երկրից 16 երգիչ:
Միջազգային երաժշտական փառատոնի Լատվիայից Ռուսաստան տեղափոխմանը կազմակերպիչներին դրդել էր այն, որ լատվիական իշխանությունները 2014 թվականի հուլիսին քաղաքական դրդապատճառներով մի քանի ռուս կատարողների՝ Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային և Օլեգ Գազմանովին արգելել էին մուտք գործել իրենց երկիր։










