Մահացել է «Մայրիկ» ֆիլմի հոր դերակատարը՝ Օմար Շարիֆը

18:18 • 10.07.15

BBC-ն հաղորդում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է եգիպտացի աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆը: Նրա գործակալը հայտնել է, որ Շարիֆը մահացել է այսօր առավոտյան հայրենի Եգիպտոսում` Կահիրեի հիվանդանոցներից մեկում` սրտի տագնապից:

 

Շարիֆը հայտնի էր որպես արևելքից առաջին դերասանը, ով հաջողության էր հասել Հոլիվուդում: Նա հայտնի էր մասնավորապես Բարբրա Սթրեյզանդի հետ «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կատակերգությունից, այնպիսի դասական կինոդերերից, ինչպիսիք են Լորենս Արաբացին և Դոկտոր Ժիվագոն:

 

Հայ հանդիսատեսին Շարիֆը առավելապես ծանոթ է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմից, «Հարեմ» ժապավենից` Աբդուլ Համիդ երկրորդի դերով:

 

Իր բազմամյա կինոկարիերայի ընթացքում Շարիֆն արժանացել է 2 Ոսկե գլոբուսի, առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:

 

Այս տարի ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անվանի դերասանը տառապում է ալցհայմերի հիվանդությամբ:

 

Մահացել է «Մայրիկ» ֆիլմի հոր դերակատարը՝ Օմար Շարիֆը