Հոլիվուդյան դերասանը մեղադրվում է կալիֆորնիացի հրշեջներից ջուր գողանալու համար
Լուսանկարը՝ relaxic.net-ի
Հոլիվուդյան դերասան Թոմաս Սելեքը, ով հայտնի է «Մասնավոր դետեկտիվ Մագնում» սերիալից, մեղադրվում է կալիֆորնիացի հրշեջներից ջուր գողանալու համար։ Սելեքը Կալիֆորնիայի հարավում խոշոր ռանչո ունի, որտեղ ապրում է ընտանիքի հետ։ Աննախադեպ երաշտի պատճառով նա որոշել է իր կարիքների համար ջուր վերցնել հրշեջների հիդրանտից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վենտուրա շրջանի Գերագույն դատարանում դերասանի հանդեպ դատական հայց է ներկայացվել։ «Սկսած 2013-ից՝ Սելեքը հիդրանտի միջոցով հսկայական քանակությամբ ջուր է քաշել։ Դրա համար նա բեռնատար է օգտագործել։ Բազմաթիվ ականատեսներ հաճախ նկատել են՝ ինչպես է այդ բեռնատարը հավաքում հրշեջների համար նախատեսված ջուրը»,- ասվում է փաստաթղթում։
Այդ ջուրն օգտագործվել է Սելեքի ռանչոյում, վստահեցնում են մեղադրողները։ Հայցը ներկայացրել է Calleguas Municipal Water District գործակալությունը, որը մոնիտորինգ է իրականացնում Վենտուրա շրջանի տարածքում քաղցրահամ ջրի կիրառման վերաբերյալ։
Գործակալությունը հատուկ դետեկտիվ է վարձել, ով հետևել է դերասանի գործողություններին։ Ներկայացված հայցում պահանջվում է նաև դերասանից գանձել այդ գործակալի ծախսերը՝ 22.000 դոլարի չափով։










