Հայաստանի և Վիետնամի մշակույթի ոլորտի պատասխանատուները ստորագրել են համագործակցության մասին ծրագիր

16:31 • 11.07.15

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր  հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի և զբոսաշրջության փոխնախարար Վունգ Դույ Բիենի հետ: Կողմերը ստորագրել են «Վիետնամի սոցիալիստական հանրապետության  մշակույթի, սպորտի և զբոսաշրջության  նախարարության և Հայաստանի Հանրապեության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում  2015-2018 թթ. համագործակցության մասին»  ծրագիրը:

Շեշտելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կայունության և դինամիկ զարգացման կարևորությունը, հատկապես ապրանքաշրջանառության ծավալային աճը, ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018 թթ. համագործակցության մասին» փաստաթղթի ստորագրումը ավելի սերտ համագործակցության հնարավորություն կընձեռի:

Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով «Մշակութային քաղաքականություն. Քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» համաժողովի հրավերն ընդունելու համար, առաջարկել է սերտորեն համագործակցել UNESCO-ի ծրագրերի շրջանակում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վիետնամը 1972 թվականին Փարիզում ընդունված Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ է:

Վունգ Դույ Բիենը  շնորհակալություն հայտնելով հրավերի համար` ընդգծել է, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, ունի հարուստ մշակույթ, իսկ հայ ժողովուրդը` ջերմ է և հյուրընկալ:

Հասմիկ Պողոսյանն առաջարկել է մշակութային արժեքների պահպանման և խթանման ոլորտներում համագործակցություն` փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպում, համագործակցություն կինոյի, ոլորտում, փոխադարձ մշակույթի օրերի կազմակերպում, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող արվեստին նվիրված սեմինարներին, դասընթացներին, միջոցառումներին փորձագետների մասնակցություն:

ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է երկու երկրների արվեստագետների ակտիվորեն համագործակցությունը` մասնակցություն երկու երկրներում անցկացվող կինո և երաժշտական փառատոներին, մրցույթներին, բիենալեներին և ցուցահանդեսներին:

Հայաստանի և Վիետնամի մշակույթի ոլորտի պատասխանատուները ստորագրել են համագործակցության մասին ծրագիր