«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը (թարմացված, լուսանկարներ)
21.47
Փառատոնին մասնակցում է նաև հայտնի ռեժիսոր Արտավազ Փելեշյանը, ով լրագրողների հետ զրույցում միայն ասաց, որ կարոատել է Հայաստանը։ Փելեշյանին հանդիսատեսը ողջունեց բուռն և երկար ծափողջույններով։
Փառատոնի բացմանը ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով բեմ էր բարձրացել «Հոգիների աճուրդ» գրքով, որի հիման վրա էլ 1918 թվականին նկարահանվել է Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը պատվավոր հյուրեր Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին հանձնվեցին հատուկ մրցանակներ՝ Սերգեյ Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը։
Մրցանակը Սերգեյ Փարաջանովի ձեռքի աշխատանքն էր, որը նա պատրաստել էր
կալանավայրում եղած ժամանակ։
Նաստասյա Կինսկին նշեց, որ ամբողջ փառատոնն իր համար քնքուշ և զարմանահրաշ երազ էր։
Օռնելա Մուտին իր հերթին ասաց, որ ուրախ է, որ իրեն հրավիրել է մասնակցելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին։ Նա նշեց, որ քիչ բան է հասցրել Հայաստանում տեսնել, սակայն ինչ որ տեսել է հոյակապ էր։ «Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ»,– ասաց նա։
Փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանն էլ մրցանակները հանձնելով պատվավոր հյուրերին՝ հույս հայտնեց, որ նրանց կրկին կտեսնի «Ոսկե ծիրան»–ի հաջորդ փառատոններին։
Մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր Վարդավառի տոնի ժամանակ բոլոր հյուրերը հասցրել են ջրվել։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Կարմիր գորգով անցան մի շարք կինոգործիչներ, դերասաններ, հյուրեր:
Պատվավոր հյուրերի թվում է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին: Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:
Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, որի ընթացքում կներկայացվեն համաշխարհային հնչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ:
Կինոփառատոնը մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորող ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարով, որը բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության թեման: Ֆիլմն ընդգրկվել էր այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում:
Ռոբեր Գեդիկյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:
Փառատոնի կփակվի Համո Բեկնազարյանի «Նամուսն» ֆիլմով:
Երևանում է նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան, իսկ լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին վարպետության դաս կանցկացնի:
Միջազգային կինոփառատոնին ծրագրերում Երևանյան պրեմիերաներից բացի՝ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի» (Իրան, 2015), անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա/Նորվեգիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը, կլինեն նաև ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»:






.jpg)















