ՀՀ մշակույթի նախարարն իր բանգլադեշցի գործընկերոջ հետ մի շարք հարցեր է քննարկել
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիպել է Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարար Ասադուզաման Նուռի հետ։
ՀՀ մշակույթի նախարարը ողջունել և շնորհակալություն է հայտնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մշակութային հարաբերությունների նախարար Ասադուզաման Նուռին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակում Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. հետօրակարգից հետո 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար, ինչպես նաև համոզմունք հայտնել, որ Բանգլադեշի մասնակցությունը կարևոր և զգալի ներդրում կլինի խորհրդաժողովի աշխատանքներին:
Նախարարն առաջարկել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մշակութային հարաբերությունների նախարար պարոն Ասադուզաման Նուռին ակտիվացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների` մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակում:
Հասմիկ Պողոսյանը զրույցի ընթացքում նշել է, որ Բանգլադեշի մշակութային հարաբերությունների նախարարի այցը Հայաստան լուրջ նախադրյալ է՝ երկու երկրների մշակութային կապերը զարգացնելու համար։ Հայաստանի և Բանգլադեշի միջև դիվանագիտական հարաբերություններն սկսվել են 1992 թվականին, և անհրաժեշտություն կա մշակույթի տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելուն միտված պաշտոնական փաստաթուղթ ստեղծել։
Հասմիկ Պողոսյանը հատկապես հետաքրքրվել է Բանգլադեշի ֆոլկ արվեստով և նորաձևությամբ։
Կողմերը քննարկել են առաջիկայում համագործակցության փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։
Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ասադուզաման Նուռին նվիրել է հայկական խորհրդանշական հուշանվեր նուռ և Սերգեյ Փարաջանով հուշադրամ, իսկ Ասադուզաման Նուռը Հասմիկ Պողոսյանին է փոխանցել Բանգլադեշի պատմությունն ու մշակույթը ներկայացնող պատկերագրքեր և ժողովածուներ։










