Մշակույթի ոչնչացմամբ կվերանա ժողովրդի հետքը մարդկության պատմությունից. ՅՈՒՆԵՍԿՕ-ի երևանյան գիտաժողով
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» խորագիրը կրող ամփոփիչ նիստին ընդունվեց Երևանյան հռչակագիրը, ըստ որի՝ խստորեն դատապարտվեց մշակութային վանդալիզմը, որը վերջին շրջանում աննախադեպ չափերի է հասել: Հռչակագրով հաստատվեց, որ յուրաքանչյուր ազգ իրավունք ունի մշակութային արժեքներ ստեղծելու և ներդաշնակ ապրելու, կոչ արվեց պահպանել մշակութային բազմազանությունը:
Ամփոփիչ նիստին, ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը շեշտեց, թե մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգություններն այլ կերպ անհնար է ներկայացնել, քան մշակութային ցեղասպանություն: «Որովհետև ժողովրդի ոչ միայն ֆիզիկական, այլ մշակութային ոչնչացումն է, որը կարող է վերացնել ժողովրդի հետքը մարդկության պատմությունից»,- ասաց նա և հավելեց, որ մշակութային և կրոնական ժառանգության հետևողական և շարունակական ոչնչացումը, պետք է դատապարտեն նույն վճռականությամբ, ինչ մարդկությանը:
«Մշակույթը անհերքելի դերակատարում ունի կայուն զարգացման գործում, որի հրամայականն այսօր առավել քան արդիական է: Այս պարզ գիտակցումը աշխարհում կբերի կայունություն և խաղաղություն»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ եռօրյա կոնֆերանսի կարևոր ուղերձն էր ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման ուղեկցման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը և ոչ թե ժողովուրդների միջև արհեստական անջրպետներ առաջացնելը:
«Մշակութային բազմազանության պահպանում նույնքան անհրաժեշտ է հաջորդ սերունդների համար որքան կենսաբազմազանության պահպանման համար»,- ասաց նա:
ՀՀ փոխնախարարը հիշեցրեց, որ Ջուղայում հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացումը միջազգային հանրության կողմից մնաց անպատիժ՝ պարարտ հող ստեղծելով Սիրիայում և Իրաքում մշակութային հսկայական ժառանգության ոչնչացման համար: «Այն, ինչ տեսնում ենք այսօր՝ աննախադեպ է իր չափերով: Այսօր մշակութային արժեքներ միտումնավոր ոչնչացումը դարձել է ռազմավարական մարտավարության ձև»,- ասաց նա և հավելեց, թե նման սպառնալիքի համար պետք է միջազգային ջանքերի միավորում ապահովել:
«Հուսով եմ, որ ընդունված հռչակագիրն իր լուման կունենա, ամփոփած սկզբունքները գործնական կիրառում կգտնեն, համամարդկային մշակութային ժառանգության պահպանման համար»,- ասաց նա:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերեզ դե Արմենիան շեշտեց, թե մշակութային բազմազանությունը պետք է ընդունվի քաղաքականության մեջ և հավելեց, թե Հայաստանը կարող է լինել առաջնորդ այս օրինակով, թե ինչպես է մշակույթը ներառվում կայուն զարգացման օրակարգում:
«Անհրաժեշտ է կոչ անել միջազգային հանրությանը համագործակցության ուղղությամբ, հակամարտության գոտիներում վերջ դրվի մշակութային արժեքների ոչնչացմանը»,- ասաց նա:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վստահեցրեց, որ հետագայում հավատարիմ են մնալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային և շարունակելու են համագործակցությունը:
«Եվրոպական Միության ծրագրերը, շատ կայուն և դինամիկ ներդաշնակ ձևով ինտեգրվում են մեր գաղափարախոսության հետ: Վերահաստատում ենք մեր աջակցությունը մշակութային բազմազանությանը որպես մարդկության քաղաքակրթության անբաժանելի մաս և մեր կողմից ապահովելու ենք բոլոր երաշխիքները»,- ասաց նա:
Նախարարը նշեց, թե ողջունում են այն մոտեցումը, որ պետք է միավորվեն՝ հանուն մշակութային ժառանգության պահպանությանը և ընդդեմ մշակութային ցեղասպանությանը:
Նշենք, որ կոնֆերանսին մասնակցում են պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:










