Կոլիզեյը 3 օրով կվերածվի թատրոնի
Աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային կետերից մեկը` լեգենդար Կոլիզեյը, 3 օրով վերածվի թատրոնի, որի բեմում կցուցադրվի հռոմեացի փիլիսոփա Սենեկայի գրչին պատկանող «Մեդեա» ողբերգությունը:
Ինչպես նշում է Euromag-ը, հնագիտական այս հուշարձանում նմանատիպ միջոցառումները խիստ հազվադեպ բնույթ են կրում: Վերջին անգամ Կոլիզեյում բեմադրություն է արվել 15 տարի առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մ.թ. 1-ին դարում կառուցված այս համալիրը բացառապես նախատեսված է եղել գլադիատորների մարտերի համար, և հին ժամանակներում այնտեղ թատերական ներկայացում ցուցադրելու մասին խոսք անգամ չի եղել:
Սակայն ժամանակները փոխվել են, մոտեցումները` նույնպես: Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին աջակցել է Կոլիզեյում «Մեդեան» ցուցադրելու գաղափարին: Հայտնի է, որ 3 օրվա ընթացքում ողբերգությունը դիտելու հնարավորություն կունենա 1350 մարդ:










