«Ոսկե ծիրան». օր երրորդ
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի օրակարգը մեկնարկեց մամլո ասուլիսներով. ներկայացվեցին հայկական համայնապատկերի լիամետրաժ մրցույթի մասնակիցներ Գարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915», Համայնապատկերի դոկումենտալ մրցույթում ներկայացված՝ Արմեն Խաչատրյանի «Վերադարձ կամ մենք գոյություն ունենք» և Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» ֆիլմերը:
Մամլո ասուլիսով հանդես եկան նաև «Մենք կանք» ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ` Համլետ Դուլյանը («Մխրճում կրակի մեջ» ) և Հաջի Օրմանը («Homo Politicus»):
Մամլո ասուլիսներին հաջորդեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մեկնարկը: Այս տարի ծրագիրը իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, որին մասնակցում են տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Ծրագիրը բացվեց Նատալյա Կուդրյաշովայի «Պիոներ հերոսներ» ֆիլմով:
«Փոքր թատրոն»-ում տեղի ունեցավ Ռոբեր Գեդիգյանի վարպետության դասը:
Տեղի ունեցավ «Բուլղարական կինոյի օր» ծրագրի բացումը: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին Քրիստինա Գրոզևայի և Պետար Վըլչանովի «Դասը» և Վասիլ Գենդովի «Սերը խելահեղություն է» ֆիլմեր:
Նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում` Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շրջանակում տեղի ունեցավ Ռոման Պոլանսկու եռակի Օսկարակիր «Թեսս» ֆիլմի ցուցադրությունը: Դերասանուհին իր ներկայությամբ պատվեց միջոցառումը:
Ավելի ուշ տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի փակումը և մրցանակների հանձնման արարողությունը:










