Հայաստանում hուշարձանների պահպանության քաղաքականությունը վատ վիճակում է. հայագետ
Համամարդկային մշակութային արժեքների պահպանության հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը նվազագույնի է հասնում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց հայագետ Արգամ Այվազյանը՝ խոսելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի առթիվ Երևանում անցկացված «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսից սպասելիքներից:
Նա նկատեց, թե պետք է սպասել արդյունքներին, չնայած որ նման կոնֆերանսներ անցկացվում են բազմաթիվ անգամներ, սակայն մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզմի դրսևորումները ոչ միայն չեն պակասում, այլ ավելանում են:
Հայագետը խոսեց հայկական մշակութային արժեքների վիճակից, որոնք ըստ նրա, մեղմ ասված, ոչ բարվոք վիճակում են: «Հուշարձանների պահպանության քաղաքականությունը ցավալիորեն վատ վիճակում է»,-ասաց նա:
Արգամ Այվազյանը նշեց, որ ՀՀ-ի տարածքում այսօր կան շուրջ 24 000-ից ավելի քիչ հուշարձաններ, իսկ 15 000-ը պետականորեն չեն ստացել հուշարձանի կարգավիճակ: Նա նշեց, որ հուշարձանների գերակշիռ մասը գտնվում է պատմական Հայաստանի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, որոնց թիվը կազմում էր 170-180 հազար, որոնց 97-98 տոկոսը, սակայն, ավերվել է:
«Ունենալով նման հարուստ մշակութային արժեքներ, չունենք հստակ ցանկ, թե հայ ժողովուրդը պատմական Հայաստանի տարածքում և աշխարհասփյուռ երկրներում, որտեղ բնակվել է ճակատագրի բերումով, ինչքան հուշարձաններ է ստեղծել կամ դրանցից որքանն է ավերվել, հայագիտությունը նման ցանկ չունի մինչև այսօր»,-ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում վանդալիզիմի զոհ դարձան հայկական բոլոր հուշարձաները, որոնց թիվը 27000-ի էր հասնում: «Ինչ-որ մնացել է գետնի երեսին նաև Արևմտյան Հայաստանի տարածքում դարձյալ խիստ վտանգված են, և ևս 25 տարի, այդ խիստ վթարային վիճակում գտնվող հուշարձաններն էլ կփլուզվեն և կավերվեն»,-ասաց նա:
Արգամ Այվազյանը նշեց, որ Վրաստանի տարածքում կան դեպքեր, երբ հայկական եկեղեցիները վրացականացվում են: «Տարածաշրջանում միակ պետությունը Իրանն է, ուր հավուր պատշաճի, դեռևս 60-ականներից սկսած հայկական հուշարձանները պահպանվում են և նաև վերանորոգվում»,-ասաց նա և հավելեց, թե նույնիսկ երկու-երեք հայկական հուշարձաններ Իրանի իշխանությունները ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանությանը:
Հայագետը պնդեց, թե Հայաստանում մշակութային քաղաքականություն հասկացությունն իր իսկական իմաստով գոյություն չունի, չնայած որոշ տեղաշարժեր կան, բայց՝ ոչ շոշափելի:
Նա նշեց, թե հուշարձաների մասին տեղադրված վահանակները խայտառակ սխալներով են, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հայկական 3-4 հուշարձանները՝ Հաղպատ և Սանահին, խեղաթյուրված տեղեկություններով են ներկայացված, թե իբր այդ երկու բյուզանդական վանքերը կառուցվել են այս–այս թվերին և նրանց ճարտարապետությունը հիմնված է բյուզանդական և կովկասյան ճարտարապետության հիման վրա, Մոմիկը համարվում է Կիլիկիայի ծնունդ, Նորադուսի հայկական խաչքարերի ցանկը ոչ հայկական են համարում և այլն:
Այվազյանը նշեց, թե ժամանակին հուշարձանների վերականգնման համար ստեղծված գիտահետազոտական ինստիտուտը փլուզվեց, և այսօր դրանք վերականգնում են մրցութային եղանակով, և ցանկացածը կարող է շահել և վերանոգել՝ խեղաթյուրելով ճարտարապետական կառույցը:
Ըստ նրա, պետք է իսպառ դադարեցնել հուշարձանների ամբողջությամբ վերականգնելու գործընթացը, դա պետք է փոխարինել առժամանակ այլ քաղաքականությամբ, վթարված հուշարձանների կոնսերվացմամբ: «Ծածկ չունեցողները թեթև ծածկերի տակ առնել, որովհետև ամեն մեկի վերանորոգումը 5-6 տարի է տևում, շատ հաճախ գնումները չեն հերիքում, ու ավելի վատ արդյունք է ունենում»,-ասաց նա:
Այլ լուծումներ հայագետը չի տեսնում։. «Չգիտեմ՝ ինչ պետք է անել, ցույցեր կազմակերպել, ինչ անել ... ընդհանրապես հուշարձանների պահպանության հարցը Մշակույթի նախարարությունից պետք է անհապաղ հանել և առանձին կառույց ստեղծել»,- ասաց նա:










