Տեղի կունենա Երևանյան միջազգային կիթառի փառատոն
Երևանի կիթառահարների ասոցիացիան և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիան համատեղ առաջին անգամ Հայաստանում ներկայացնում են «Երևանյան միջազգային կիթառի փառատոն»-ը, որը կկայանա հուլիսի 6-24-ը:
Փառատոնի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Փառատոնը հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին:
Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել և դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր Երևանի առաջնակարգ դահլիճներում:
Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր` Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր՝ Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ) հայտնի կիթառահար և կիթառի վարպետ Բոազ Էլկայամ (Իսրայել):
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին ժամը 19:00-ին: Փառատոնի բացմանը ելույթ կունենան «Երևանի միջազգային կիթառի փառատոն»-ի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա):
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային և հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաև Ռոլֆ Ստրավերի Stimmen der Vergangenheit (ձայներ անցյալից) կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար: Ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին ժամը 19:00-ին:
Փառատոնի գործընկերներն են՝ «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և «ԵրազԱրտ» հիմնադրամը:










