Նաստասյա Կինսկին՝ իր մասնակցությամբ «Թեսս» ֆիլմի երևանյան ցուցադրությանը (տեսանյութ, լուսանկարներ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին այսօր Երևանում ներկա գտնվեց իրեն «Ոսկե գլոբուս» մրցանակ բերած՝ Ռոման Պոլանսկու «Թեսս» ֆիլմի երևանյան ցուցադրությանը: Նախքան այդ, Հոլիվուդի աստղը շրջեց «Հայաստան» կինոթատրոնում և նվեր ստացավ նկարիչ Գագիկ Ավետիսյանի «Ծիրան» կտավը, որը հավանել էր:
Կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, նախքան դերասանուհուն խոսք տալը, նշեց, որ իր երազանքն է եղել, որպեսզի, չի վախենում ասել՝ ամենահանճարեղ դերասանուհիներից մեկը ժամանի Երևան. «Շատ դժվար է լինել հանճարեղ, բայց նա դիմանում է մեզ: Շնորհակալություն, Նաստյա» ։
Կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ սա այն դեպքն է, երբ բոլորս հավաքվել ենք տեսնելու և լսելու մի դերանուհու , որին սիրում են միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում: Դերասանունի, որի տաղանդն ունի աստղային բարձրություն և ծովի խորություն»:
Այս խոսքից դերասանուհին հուզվեց ու գրկեց Դավիթ Մուրադյանին, ինչը արժանացավ Հարություն Խաչատրյանի ռեպլիկին, որ «առաջին օրվանից Նաստասյան սիրահարվեց Դավիթին»:
Ըստ կինոգետի՝ «Թեսսը» Նաստասյա Կինսկիի տաղանդի ամենաբարձր փայլատակումներից մեկն է, ֆիլմ, որը նրան 18 -19 տարեկանում բերեց «Ոսկե գլոբուս»։
«Մենք մոռանում ենք մի բան, որ արվեստը, նախ և առաջ, հուզվելու համար է , Նաստյա Կինսկին մեզ հիշեցնում է այդ մասին: Նա իր բոլոր դերերում, գոնե մի բան գիտի, որ մեզ չի ասում, այն, ինչ պահանջում է դերը, ասում է, բայց կա չասվածը, որը դառնում է ավելի ձգողական, ավելի հետաքրքր, կախարդական։ Նաստասյա Կինսկին չասված դերի տաղանդ է»,-ավելացրեց Դավիթ Մուրադյանը:
Դերասանուհին ինքը, որ հուզված էր, բայց ոչ խոսքաշատ, իր խոսքում նկատեց, որ շատ բան ունի սովորելու «Ոսկե ծիրանի» շրջանակներում և որ շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար:
«Ես շատ և շատ հաջողություն եմ ունեցել և երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, պետք է արագ այն վերցնենք»,-սա Նաստասյա Կինսկիի բանաձևն է:
Եվ մեկը նա ներկայացրեց՝ ասելով. «Մեծանալը մարտահրավեր է, դժվար է, պետք է ուշադիր լինել, որ սխալ չգործենք: Եվ «Թեսսը» մի աղջկա մասին, որը պետք է ուժեղ լինի: Եվ եթե կա սայթաքելու վտանգը, պետք է ուշադիր լինել, որ հանկարծ չլինի»:












