Դմիտրի Խվորոստովսկու բուժման մեջ առաջընթաց է նկատվում

14:32 • 16.07.15

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ վերջերս քաղցկեղ էր ախտորշվել, բուժման կուրս է անցնում Լոնդոնում։ Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ բուժումն արդեն տալիս է առաջին արդյունքները։ Մասնավորապես, երգիչն արդեն չունի խնդիրներ շարժման համակարգման հետ, փոխանցում է Вести-ն։


Իտալացի ռեժիսոր Ֆաբիո Մաստրանջելոն, ով ծանոթ է իրավիճակին, պատմել է, որ երգչի վիճակում առաջընթաց է նկատվում։


«Վերադարձել է շարժումների ամբողջական համակարգումը, նախկինում նա մի փոքր դժվարանում էր քայլել։ Ավելին, նա օրերս համերգ է տվել Լոնդոնում։ Թվում է, նրա վիճակում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հանգիստ։ Սակայն իրականում երաժշտությունը դրական ազդեցություն է ունենում Դմիտրիի վրա։ Նա կարծում է, որ այն իրեն բուժում է»,- նշել է ռեժիսորը։


Անդրադառնալով այն հարցին, որ Խվորոստովսկին հրաժարվել է ռուս բժիշկների ծառայություններից և որոշել բուժվել Լոնդոնում, ռեժիսորն ասել է, որ դրանում ոչ մի հակահայրենասիրական բան չկա։ Պարզապես այնտեղ նրա համար ավելի հարմարավետ է։ Այնտեղ նրա տունն է։

Դմիտրի Խվորոստովսկու բուժման մեջ առաջընթաց է նկատվում