«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ

14:24 • 19.07.15

Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում նրանք շնորհակալություն են հայտնել փառատոնային օրերի և հետաքրքիր ֆիլմերի համար:

 

ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ժյուրիի բոլոր անդամներին:


«Դժբախտաբար, ավարտվեց փառատոնը, որովհետև տոն էր մեզ համար: Ես միշտ սպասում եմ ավարտին, որ հանգստանամ, որովհետև խելագար մարաթոն է, բայց հենց ավարտվում է, շատ մեծ տխրություն է գալիս: Ինչ խոսք՝ պետք է պատրաստվել շրջաններում անցկացնել մեր ծրագրերը: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հարություն Խաչատրյանը և ավելացրել, որ շատերը փոխել են իրենց օդանավերի տոմսերը, քանի որ չեն ցանկանում մեկնել Հայաստանից:

 

Խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ալին Թաշչյանը նշել է, որ մրցույթին մասնակցող ֆիլմերի կեսին կարելի էր մրցանակ շնորհել: «Ընտրեցինք այն ֆիլմը, որի շուրջ եկանք համաձայնության: Մենք կարողանում էինք խաղաղ և երջանիկ որոշումներ կայացնել, միակ բանը, որ կցանկանայի, որ հայկական ֆիլմ լիներ մրցույթում»,- ասել է նա:

 

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի անդամ Բիջայա Ջենան շնորհակալություն է հայտնել փառատոնին: «Հասարակությունը հոծ զանգվածներով մասնակցում էր, դահլիճները լիքն էին: Դա վկայությունն է, թե այստեղ ինչքան կարևորում են կինոն»,- նշել է նա:

 

FIPRESCI-ի ժյուրիի անդամ Ելենա Դուրգերուն էլ տեղեկացրել է, որ իր համար Հայաստան այցելելը վաղեմի երազանք է: «Մի քանի տարի առաջ Փարաջանովով և Աբուլաձեով հետաքրքրվեցի, ուզում էի ծանոթանալ ձեր մշակույթներին: Հայկական երազանքս վերջապես իրականություն դարձավ: Հայերը շատ խորը մարդիկ են»,-ընդգծել է նա:

 

Կինոտոնի փակման արարողությունն անցկացվել է հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակներ հանձնվել են հաղթող ֆիլմերին: Հուլիսի 19-ին կցուցադրվեն փառատոնի մրցանակակիր կինոնկարները:

 

 

«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ