Լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան գալիս է Հայաստան

12:39 • 20.07.15

Լեգենդար հնդիկ դիրիժոր, բազմաթիվ մրցանակների արժանացած և Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»-ում աստղ ունեցող Զուբին Մեթան իր ղեկավարած Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հայաստան է գալիս:

 

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 3-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիրիժորի ղեկավարությամբ տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մամուլի ծառայությունից:

 

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։
 

Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Նվագախմբի հետ Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա աշխարհի մի շարք առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր» է, ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։
 

Զուբին Մեթան արժանացել է անթիվ տիտղոսների և մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011-ին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։

 

Լեգենդար դիրիժոր Զուբին Մեթան գալիս է Հայաստան