«Հալե» նվագախումբը Մանչեսթերից առաջարկել է տոմսերի համար վճարել համերգից հետո
Ամենահայտնի բրիտանական սիմֆոնիկ նվագախմբերից մեկը՝ Մանչեսթերի «Հալե» նվագախումբն առաջին անգամ համերգ կունենա, որտեղ տոմսերի համար կվճարվի ելույթից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երաժիշտների խոսքերով՝ համերգի ավարտին հանդիսատեսին կառաջարկվի տոմսարկղում թողնել այնպիսի գումար, որը իրենց կարծիքով արժե համերգի համար: «Վճարեք՝ ինչքան ցանկանում եք»,- ասված է նվագախմբի կայքում:
Սովորաբար «Հալե» նվագախմբի համերգի տոմսի միջին արժեքը 60 դոլար է կազմում:
Սեպտեմբերի ամսին նախատեսված իրենց այս ակցիայով երաժիշտները ցանկանում են համերգի դահլիճ գրավել մարդկանց, որոնք նախկինում երբեք չեն այցելել դասական երաժշտության համերգ:
Դրա համար 1857 թվականին հիմնադրված նվագախումբը պատրաստ է խախտել մի քանի ավանդույթներ: Այդպես, հանդիսատեսը կարող է գալ համերգի իրենց խմիչքներով, ծափահարել հանկարծակի և օգտագործել բջջային հեռախոսներ:
Բացի այդ, համերգի կազմակերպիչները խոստանում են Twitter-ում հանդիսատեսի հրապարակած հաղորդագրությունները ցուցադրել բեմի վրա կախված մեծ էկրանին:










