Արա Մալիքյանը Կոմիլյասի օգոստոսյան փառատոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ կներկայացնի
Լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը շարունակում է Իսպանիայում իր երաժշտական գործունեության 15-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը: Հաջորդ կանգառը Կոմիլյաս քաղաքն է:
Ինչպես գրում է El Diario Montanes-ը` եզակի երաժշտական տաղանդներից մեկը` Արա Մալիքյանը, բազմակողմանի և անխոնջ մշակութային գործիչ է, ով մշտապես հանդես է գալիս կատարողական նախաձեռնությամբ և նորարարություններով: Համերգային շրջագայության ընթացքում ջութակահարը կգլխավորի օգոստոսին Կոմիլյասում անցկացվող Caprichos Musicales («Երաժշտական քմահաճույքներ») 12-րդ ամենամյա փառատոնի համերգային ծրագիրը: Արա Մալիքյանը համերգներ է տալու օգոստոսի 5-ին Մոսկվայի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Օգոստոսի 7-ին կներկայացնի Բախի և Հենդելի ստեղծագործությունները:
Օգոստոսի 8-ին հայ երաժիշտների հետ միասին կներկայացնի «Երգի հմայքը» քնարական ծրագիրը` կատարելով Վերդիի, Պուչինիի, Բախի, Ռախմանինովի գործերը: Օգոստոսի 9-ին տեղի կունենա հատուկ համերգ Կանտաբրիայի երիտասարդ կատարողների հետ: Օգոստոսի 11-ը նվիրելու ջազ-տանգո երաժշտությանը: Իսկ օգոստոսի 12-ին հայ երաժշտության համերգ կկայանա` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Կկատարվեն հայ կոմպոզիտորների գործեր` Կոմիտասի, Եկմալյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Այվազյանի:










